Կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման խորհրդի նիստը




ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացումը մշտադիտակող և գնահատող միջգերատեսչական խորհրդի նիստը։


 


 


Նիստին մասնակցել են ՆԳ նախարարության ղեկավար կազմն ու միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


 


«ՆԳ նախարարն ընդգծել է, որ ռազմավարությամբ առաջին անգամ մեկտեղվում և փոխլրացնում են հանրային անվտանգության և հանրային առողջապահության բաղադրիչները՝ ապահովելով խնդրի առավել ամբողջական և համակարգային հասցեագրում։


 


Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ մի շարք ուղղություններով առաջընթաց կա, բայց կարևոր է միջոցառումների բովանդակության ամբողջ ծավալով իրականացումը՝ իրականացման տեմպերը գնահատելով ոչ գոհացուցիչ։ Կարևորելով միջոցառումների իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների վրա կենտրոնանալը՝ նախարարն ընդգծել է ըստ լուծման ուղղությունների յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող արդյունքների հստակեցման անհրաժեշտությունը։


 


Նախարարը շեշտել է, որ իրական պատկերի գնահատման և համակարգված առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ է շահագրգիռ գերատեսչությունների միջև կառուցողական համագործակցություն։ Այդ համատեքստում անդրադառնալով հասարակական կազմակերպությունների դերակատարմանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ռազմավարությամբ սահմանված արդյունքներին հասնելու համար կարևոր նշանակություն ունի հասարակական կազմակերպությունների նախաձեռնողականությունը։


 


Կարևորվել է նաև բնակչության իրազեկման բաղադրիչը։ Խորհուրդն արձանագրել է, որ իրականացվող միջոցառումները դեռևս լիարժեք չեն համապատասխանում ռազմավարությամբ սահմանված բովանդակային պահանջներին։


 


Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել իրազեկման ձևաչափերը՝ դրանք դարձնելով առավել բազմաշերտ, գործնական և տարբեր թիրախային խմբերի համար հասանելի։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է Ներքին գործերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ իրազեկման միջոցառումները չպետք է սահմանափակվեն միայն հանցավորության կանխարգելման բաղադրիչով, այլ պետք է ներառեն նաև առողջապահական և կրթական ուղղություններ, պետք է հաշվի առնել ԶՈՒ, փակ հաստատությունների առանձնահատկությունները։


 


Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրազեկման միջոցառումների բովանդակության և մեթոդաբանության մշակման գործընթացում ներգրավել համապատասխան մասնագիտական ներուժ, այդ թվում՝ հոգեբանների, սահմանվել է վերջնաժամկետ։


 


Անդրադարձ է կատարվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության շրջանակներում քրեական վարույթների ընթացքին, դրանց արդյունավետության գնահատմանը։ Խորհուրդն արձանագրել է, որ պետք է վերլուծվի 2025-2026թթ․ քրեական վարույթների վիճակագրական պատկերը՝ արդյունավետության գնահատման վերաբերյալ կոնկրետ և թիրախային վերլուծությունների հանգելու համար, սահմանվել է վերջնաժամկետ։


 


Քննարկվել են իրավապահ մարմինների նյութատեխնիկական համալրվածության ընթացքին վերաբերող հարցեր։


 


Ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցված աշխատանքը»:


 


 ՆԳՆ


 


 


 


 


Leave a Comment