Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը վերլուծել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի առանձնահատկություններն ու ստորագրված փաստաթղթերը։
Նա անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների նոր մակարդակին և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի տարածաշրջանային նշանակությանը։
Սարգսյանը հատուկ անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ոլորտին վերաբերող փաստաթղթին՝ նշելով, որ այն պետք է դիտարկել ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցության համատեքստում։
Սարգսյանի խոսքով՝ հազվագյուտ և կրիտիկական միներալների ոլորտում ԱՄՆ-ն ու Չինաստանը գտնվում են լուրջ մրցակցության մեջ։ Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնը փորձում է նվազեցնել կախվածությունը չինական մատակարարումներից և ամրապնդել ազդեցությունը հանքարդյունաբերական ռեսուրսներով հարուստ երկրներում։ Այդ նպատակով ԱՄՆ-ն արդեն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների հետ։
Միջազգայնագետն անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ձևաչափին՝ նշելով, որ ԱՄՆ-ն տարբեր երկրների հետ հարաբերությունները դասակարգում է տարբեր մակարդակներով՝ դաշնակցայինից մինչև ռազմավարական գործընկերություն։ Այս համատեքստում, նրա խոսքով, Հայաստանը բարձրացրել է հարաբերությունների մակարդակը, սակայն դաշնակցային հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող։
Սարգսյանը նաև առանձնացրել է TRIPP նախագիծը՝ այն համարելով ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության կարևոր բաղադրիչ։ Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնը Հարավային Կովկասում ձգտում է զարգացնել տարանցիկ և էներգետիկ ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը, Իրանը և սահմանափակելով Չինաստանի հնարավորությունները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բավական արդյունավետ է առաջ մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանի իշխանությունները չեն խոչընդոտում այդ գործընթացին, ինչի արդյունքում էլ վայելում են Վաշինգտոնի աջակցությունը։
Ռուբիոն մայիսի 26-ին կարճատև այց էր ունեցել Հայաստան, որի շրջանակում Ռուբիոյի այցի ժամանակ ստորագրվել էր ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը, ընդունվել «Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը»։
