«Չկերակրե՛լ արջերին». ինչո՞ւ են նրանք ավելի հաճախ «հյուր գալիս» գյուղեր․ «Էկոսֆերա»

Մարդ-արջ «կոնֆլիկտն» ահագնացել է հատկապես վերջին տասը տարիներին և հատկապես՝ Վայոց ձորի մարզում։ Արջերը շարունակում են նյութական վնաս հասցնել գյուղական համայնքներին։

Ո՞րն է արջերի ներխուժումների պատճառը, և որո՞նք են լուծումները։

Այնուամենայնիվ, Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են նրան, որ արջերը սկսել են կեր հայթայթել ոչ միայն անտառում, այլև բնակավայրերում։ Արջերի ներկայությունն անհանգստացնում է բնակիչներին. խնդիրը հատկապես սուր է Վայոց ձորի մարզում։

Արջերը վայրի բնության մեջ ունեն իրենց ուրույն դերը։ Նրանք, ինչպես վայրի բնության յուրաքանչյուր տեսակ, կարևոր են էկոհամակարգի առողջության համար։ «Արջերը Հայաստանի խոշոր գիշատիչներից են, որոնք կարգավորում են խոշոր և միջին չափի կաթնասունների գլխաքանակը»,- «Էկոսֆերայի» տաղավարում ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի համակարգող Ծովինար Հովհաննիսյանը՝ հավելելով, որ արջերը բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության անբաժան մասն են։

Արջերի համար սննդի մեկ այլ աղբյուր է գետը, որտեղից նրանք ձուկ են որսում՝ հագեցնելով սպիտակուցային քաղցը։ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն արջերի հոսքը բնակավայրեր կապում է ՀԷԿ-երի քանակի ավելացման հետ։ Հատկապես Վայոց ձորում գտնվող Եղեգիս գետը մեծամասամբ խողովակաշարի մեջ է. արջի համար, մեղմ ասած, «ուտելու տեղ» չի մնացել։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ուսումնասիրել է ինչպես գիտական, այնպես էլ սոցիալական պատճառները։ Ծովինար Հովհաննիսյանը մանրամասնում է. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արջերի քանակն ավելի շատ է, քան ենթադրվում էր»։

Ըստ Հովհաննիսյանի՝ ամբողջ աշխարհում այս խնդիրներն առկա են, և փորձը ցույց է տվել, որ արջերից պաշտպանվելու լավագույն միջոցը «էլեկտրական հովիվների» կիրառումն է։ Հաշվի առնելով այն, որ արջը հիմնականում թիրախավորում է մեղվափեթակները՝ էլեկտրական հովիվներ են տրամադրվել տուժած ընտանիքներին։

Զուգահեռաբար իրականացվում են ինտենսիվ անտառվերականգնման աշխատանքներ. հիմնականում ընտրվում են այն ծառատեսակները, որոնք կարող են կերի աղբյուր լինել արջերի համար, օրինակ՝ կաղնի, արևելյան խնձորենի, վայրի տանձ և այլ վայրի պտղատու տեսակներ։ Նաև վերականգնվում են արջերի անվտանգ տեղաշարժի համար նախատեսված կենսաբանական միջանցքները։

Արջերը ներառված են Կարմիր գրքում, հետևաբար՝ արջի որսը կտրականապես արգելված է։ Գուցե հենց այս պաշտպանվածությունն է պատճառը, որ վերջին տարիներին արջերի թվաքանակն, ըստ մասնագետների, որոշակիորեն ավելացել է։

Leave a Comment