Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրեր չունի․ Օվերչուկ – armeniatoday.am

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ Երևանում լավ են հասկանում Միության շրջանակում ստացվող արտոնությունների նշանակությունը։

«Ինչպես գիտենք, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այնտեղ շատ լավ հասկանում են թե՛ արտոնությունների, թե՛ Միության անդամ մյուս երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը։ Այդ առևտրի զգալի մասը հնարավոր է դարձել հենց Հայաստանի համար գործող արտոնյալ ռեժիմների շնորհիվ»,- ասել է նա։ 

Օվերչուկը պարզաբանել է, որ խոսքը զրոյական մաքսատուրքերի, ներդաշնակեցված ստանդարտների և տեխնիկական կարգավորումների մասին է։

«Այսօր մեր շուկաները բաց են, ապահովված է ապրանքների ազատ տեղաշարժը։ Այդ պատճառով Հայաստանում լավ են հասկանում ԵԱՏՄ-ին անդամակցության առավելությունները և չեն ցանկանում դուրս գալ»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։

Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։

Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։

Մայիսի 22-ին Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ գազային համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցն անվանել էր կորպորատիվ և այն վերահասցեավորել «Գազպրոմին»։ Նա ընդգծել էր, որ ոչ ոք չի կարող համոզել Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում, սակայն անհրաժեշտ են պարզաբանումներ։ 

Leave a Comment