Լիբանանում տասնյակ մարդիկ են զոհվել իսրայելական հարվածների նոր ալիքի հետևանքով, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների ուժեղացման մասին, գրում է BBC-ն։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ավելի քան 100 ենթակառուցվածքային օբյեկտի և զինյալների դիրքերի՝ դա անվանելով հրետակոծության ամենածանր գիշերներից մեկն ապրիլի կեսերից գործող հրադադարից հետո։
Երեքշաբթի անվտանգության կաբինետի նիստում Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը «ուժեղացնում է գործողությունը Լիբանանում»։ Նրա խոսքով՝ իսրայելական բանակը լայնածավալ ցամաքային գործողություններ է իրականացնում և վերահսկողության տակ վերցնում ռազմավարական բարձունքներ՝ երկրի հյուսիսային բնակավայրերը «Հեզբոլլահի» հարձակումներից պաշտպանելու համար։
Չորեքշաբթի վաղ առավոտյան Իսրայելի հյուսիսում կրկին օդային տագնապ էր հայտարարվել՝ Լիբանանից արձակված արկի պատճառով։ Իսրայելական բանակի տվյալներով՝ այն ընկել է բաց տարածքում, տուժածներ չկան։
Հարվածների թիրախում են հայտնվել Լիբանանի հարավային և արևելյան շրջանները, այդ թվում՝ Բեքաայի հովտի Մաշղարա գյուղը և Բուրջ ալ-Շամալին։ Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել նաև մոտ 900 տարվա պատմություն ունեցող Բոֆորի ամրոցի մերձակայքում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող ժառանգության ցանկում։
Լիբանանյան լրատվամիջոցների համաձայն՝ Մաշղարայում մի շարք տներ ամբողջությամբ ավերվել են։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փլատակներից դուրս է բերվել 11 զոհի մարմին։ Եվս 15 մարդ վիրավորվել է։
Իսրայելական բանակը հրապարակել է Մաշղարայից օդային տեսանյութեր՝ հայտարարելով, որ ոչնչացրել է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներ և զինյալների դիրքեր։ Ըստ բանակի՝ մեկ գիշերվա ընթացքում թիրախավորվել են նաև ավելի քան 90 զենքի պահեստներ, հրամանատարական կենտրոններ և դիտակետեր։
«Հեզբոլլահը» հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող երեք զորանոցների և մեկ ռազմական դիրքի՝ դա անվանելով իսրայելական կողմից հրադադարի խախտման պատասխան։
Իսրայելն ու «Հեզբոլլահը» շարունակաբար մեղադրում են միմյանց ապրիլի 17-ին ուժի մեջ մտած հրադադարը խախտելու մեջ, ինչը վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունները։
