Փաստաբան Ռոման Երիցյանը կոչ է արել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ընտրություններից առաջ դատարանում բողոքարկել միգրացիոն ծառայության մերժումները։ Նա այս մասին խոսել է իր հրապարակած տեսանյութում։
Նա հիշեցրել է, որ տեղահանված անձինք ունեն Հայաստանում ընտրություններին մասնակցելու օրինական իրավունք՝ անկախ նրանից, թե պաշտոնապես ստացե՞լ են քաղաքացիություն, թե ունեն «070» կոդով անձնագիր։
Նրա խոսքով՝ այս դիրքորոշման օգտին արդեն իսկ ստեղծվել են իրավական նախադեպեր։
«Անհրաժեշտ է դիմում գրել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի ծառայությանը՝ պահանջելով ներառել ընտրացուցակներում, և ստանալով մերժում, անհապաղ դիմել դատարան նույն պահանջով։ Դատարանում վկայակոչել նաև, որ այդ վերաբերյալ արդեն առկա է վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած երեք դատական ակտ»,- նշել է նա։
Նա նշել է, որ դիմել պետք է մինչև ընտրությունները ցանկացած օր՝ հունիսի 7-ը ներառյալ։
«Դատարանը պարտավոր է ուղղակի միջոցներ ձեռնարկել ապահովելով ձեր քվեարկելու իրավունքի իրացումը, դատարանի որոշումը վերջնական է, վերանայման և բողոքարկման ենթակա չէ»,- պարզաբանել է Երիցյանը։
Մայիսին Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ բարձրաձայնել էին ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման մասին, որը նրանք կապել էին խորհրդարանական ընտրություններին իրենց չմասնակցելու իշխանությունների ցանկության հետ։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որոնց կմասնակցեն 18 կուսակցություններ և դաշինքներ։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ի կեսգիշերին։
