Reuters-ը գրում է, որ Սիրիայի անցումային իշխանությունները հայտնաբերել են նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի քիմիական զենքի գաղտնի ծրագրի մնացորդները, այդ թվում՝ «զարին» նյարդապարալիտիկ գազի արտադրության հումք և ավելի քան 70 միավոր քիմիական զինամթերք (ավիառումբեր ու հրթիռներ)։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Սիրիայի ներկայացուցիչ Մոհամադ Քատուբը հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ նման զինամթերքը հաջողվել է առգրավել նախքան դրա կիրառումը։
Գործողության շրջանակներում ձերբակալվել է պատերազմի ընթացքում քիմիական ծրագրում ներգրավվածության մեջ կասկածվող 18 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ Ասադի ռեժիմի գեներալներ, որոնցից առնվազն չորսը գտնվում են ԱՄՆ-ի, Բրիտանիայի կամ ԵՄ պատժամիջոցների ցուցակներում։
Նոր իշխանությունները հայտարարել են միջազգային հանրության հետ համագործակցելու և երկիրը զանգվածային ոչնչացման զենքերից լիովին մաքրելու պատրաստակամության մասին։
