Մարկո Ռուբիոյի այցը քարոզչական բնույթ է կրում․ Ռոբերտ Քոչարյան

Ակնհայտ է՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը եղել է Հայաստանի կառավարության խնդրանքով և ավելի շատ քարոզչական բնույթ է կրում։ Իսկ փաստաթղթերը շատ հանգիստ կարող էին ստորագրել այլ միջավայրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ստորագրված փաստաթղթերը, ակնհայտ է, լավ սիգնալներ չեն հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Գոնե կարելի էր համբերել և պատերազմից հետո այդ գործը շարունակել»,- նշել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու են ԱՄՆ իշխանությունները նման էնտուզիազմով աջակցում Նիկոլ Փաշինյանին։

«Անհասկանալի է, որովհետև մենք նախկինում շատ արդյունավետ համագործակցություն ենք ունեցել։ Չեմ հասկանում, թե ինչու են այս աստիճան ներխուժում, այսպես ասենք, ներքաղաքական տարածք։ Սա լավ բանի մասին չի խոսում։ Ավելի շատ ենթադրում եմ, որ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու ինչ-որ քայլեր է ձեռնարկվում, և մենք գործիք ենք դառնում այդ պրոցեսի համար»,- ընգծել է նախագահը։

Leave a Comment