Ընտրական հանցագործությունների 22 վարույթով ձերբակալվել է 86 անձ․ ՀԿ

Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ դրսևորել օրինապահ վարքագիծ և զգուշացնում, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

2026 թվականի փետրվարի 7-ից Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 57 քրեական վարույթ։ Նշված վարույթներից 22-ով ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ, հինգ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մեղադրյալներից 49-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված՝ կալանք և տնային կալանք խափանման միջոցներ, իսկ 38-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։

22 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարույթային գործողություններ․ այդ թվում՝ հարցաքննվել է 200-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում։

Յոթ վարույթով նախաքննությունը՝ 22 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելու նպատակով, հանձնվել է հսկող դատախազին։

Leave a Comment