Կառավարությունը նախատեսում է բարձրացնել թանգարանային աշխատողների աշխատավարձերը՝ շուրջ 57%-ով

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Թանգարանների մասնագիտական ոլորտի աշխատակիցների վարձատրության բարձրացումը հանդիսանում է նպատակային քայլ։ Ներկայումս թանգարանների մասնագիտական ոլորտի աշխատակիցները իրականացնում են բազմաբնույթ և բարձր մասնագիտական հմտություններ պահանջող գործառույթներ՝ մշակութային արժեքների պահպանություն, հանրահռչակում, հաշվառում, գիտական մշակում, ցուցադրությունների կազմակերպում, կրթական ծրագրերի իրականացում։ Վարձատրության ցածր մակարդակը բացասաբար է անդրադառնում ոլորտի կադրային կայունության, մասնագետների ներգրավման և պահպանման, ինչպես նաև թանգարանների գործունեության արդյունավետության վրա, ինչը անհրաժեշտություն է առաջացնում բարձրացնել թանգարանների մասնագիտական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը՝ խթանելու մասնագիտական զարգացումը և բարձրացնելու մշակութային հաստատությունների գործունեության արդյունավետությունը։
Նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում միասնական գործելակարգերի ներդրմանը, ատեստավորման արդյունքների օբյեկտիվության բարձրացմանը և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության ամրապնդմանը։

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վերջին տարիներին թանգարանների գործառույթները զգալիորեն ընդլայնվել են․ թվայնացում, միջազգային ցուցադրությունների կազմակերպում, աճուրդների մշտադիտարկում և այլ հմտություններ պահանջող գործառույթներ։ Չնայած աշխատանքի բարձր պատասխանատվությանը և բարդությանը՝ ոլորտում վարձատրության մակարդակը շարունակում է մնալ ոչ մրցունակ, որը առաջացնում է համակարգային խնդիրներ՝ երիտասարդ կադրերի ներգրավման ցածր հետաքրքրվածություն, մասնագիտական աճի և վերապատրաստման սահմանափակում, թանգարանային կառավարման և պահպանության որակի անկման ռիսկ։ Վարձատրության բարձրացումը պետք է դիտարկել ոչ թե որպես զուտ սոցիալական միջոց, այլ որպես ռազմավարական ներդրում՝ ուղղված թանգարանային համակարգի կայունացմանը։
Միևնույն ժամանակ սահմանված կարգով շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 27-ի «Պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որի ընդունումը բխում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի առավել արդյունավետ, թափանցիկ և միասնական չափանիշներով կազմակերպման անհրաժեշտությունից։

 Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն իրավական ակտի ընդունմամբ կբարձրանա թանգարանների մասնագիտական ոլորտի աշխատակիցների վարձատրությունը, որը միտված է ոլորտի զարգացմանը և կադրային կայուն քաղաքականությանը։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները։

Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրարկման արդյունքում ակնկալվում է պետական թանգարանային աշխատողների մասնագիտական ոլորտի աշխատակիցների վարձատրության բարձրացում։ Այն կնպաստի գործընթացի օպերատիվության ապահովմանը, ոլորտային առանձնահատկությունների առավել լիարժեք հաշվառմանը և պատասխանատվության հստակ բաշխմանը։
Որոշման նախագծի ընդունումը կարող է նպաստել շուրջ 583 թանգարանային աշխատողների ամսական եկամտի միջինում 68 հազար ՀՀ դրամով ավելացմանը (աճը՝ 57%)․ արդյունքում միջին ամսական աշխատավարձը 129.5 հազար դրամից կհասնի 198.2 հազար դրամի։

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում։
Թանգարանների մասնագիտական ոլորտի աշխատակիցների վարձատրության ավելացման համար հաշվարկված է տարեկան 507260.0 հազ. դրամ, որը նախատեսված է նաև 2027-2029թթ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված ՄԺԾԾ հայտում։ 2026թ.-ի 6 ամիսներին (նախատեսվում է վճարումներն իրականացնել հուլիս ամսից) նշված ծրագիրը իրականացնելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2026թ.-ի պետական բյուջեով նախատեսված մի շարք ծրագրերից կատարվում են վերաբաշխումներ։
Այդ թվում.
1075 «Մշակութային ժառանգության ծրագիր», «Մշակութային արժեքների փորձաքննության ծառայություններ» միջոցառում՝ 8,640.0 հազ. դրամ,
1075 «Մշակութային ժառանգության ծրագիր», «Աջակցություն թանգարանային միջոցառումների իրականացմանը» միջոցառում՝ 28,675.0 հազ. դրամ,
1168 «Արվեստների ծրագիր», «11025. Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում» միջոցառում՝ 34,528.0 հազ. դրամ,
1198 «Մշակութային և գեղագիտական դաստիարակություն», «11009. Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրի իրականացում» միջոցառում՝ 80,000.0 հազ. դրամ։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ նախատեսվող գումարը պետք է ապահովի միայն ատեստավորումը հաջողությամբ հաղթահարած թանգարանների մասնագիտական ոլորտի համապատասխան աշխատակիցներին հավելավճարի հատկացումը։
Հարկ է նշել նաև, որ նվազեցվող միջոցառումների գծով մինչև տարեվերջ ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է։

 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը. Չի առաջացնում։
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը. Համապատասխանում է։
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.8 (Սպորտ) և 4.9 (Մշակույթ) բաժիներում ամրագրված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Այլ տեղեկություններ

Չկան։

Leave a Comment