Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունից «տանեն հաղթանակը», հնարավոր է հեղափոխություն, ինչը քաղաքական շրջանակներում արդեն դիտարկվում է որպես հետընտրական հնարավոր զարգացումների ազդակ։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Քոչարյանը հասկանում է, որ չունի բարձր վարկանիշ, և փորձում է առավել արմատական ընտրազանգվածի աջակցությունը գրավել.
«Ռոբերտ Քոչարյանը հրաշալի տեղեկացված է վերջին ամիսների ընթացքում անցկացված հարցումների արդյունքներից և հասկանում է, որ ոչ միայն ինքն ընդդիմադիր ուժերի մեջ առաջատարը չէ՝ ինչպես 2021 թ.-ին, այլև ավելին՝ նույնիսկ որոշ խախտումներով չի էլ հաղթահարում դաշինքների համար պահանջվող 8 տոկոսի շեմը»։
Սաֆարյանը նշում է, որ նախկին նախագահը կարող է նախապես պատրաստվել հետընտրական պայքարի և ինքնապաշտպանական քայլերի։
«Հասկանում է, որ, ըստ էության, ընտրություններից հետո իշխանությունները կարող են անցնել վճռական գործողությունների, իսկ ինքը գուցե չվայելի այն ազատությունը, որը ստացել է Հայաստանի դատական համակարգի, ինչ-որ տեղ նաև իշխանությունների բարեհաճության ու անգործության արդյունքում։ Ուստի փորձում է անցնել ինքնապաշտպանության՝ գիտակցելով, որ ընտրություններն իր համար որևէ դրական անակնկալ չեն պարունակում, և մնում է դիրքավորվել հետընտրական շրջանում», — ասում է նա։
Սաֆարյանը նաև հիշեցնում է, որ նախորդ տարիներին ևս ընդդիմադիր շարժումները սկսվել են կոշտ հայտարարություններով, սակայն ավարտվել են առանց քաղաքական արդյունքի։ Քաղաքագետի համոզմամբ՝ այս փուլում ընդդիմության հիմնական նպատակը կարող է լինել ոչ թե ընտրություններում հաղթելը, այլ դրանց արդյունքները կասկածի տակ դնելը։
Մանրամասները՝ տեսանյութում։
