Արտաքին գործերի նախարարությունը հրապարակած TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում սահմանված է «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» գործառական մոդելը TRIPP-ի իրականացման գոտիների սահմանային անցակետերի համար։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համաձայնագրի 8-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, սահմանային հսկողության կազմակերպման նոր մոդելը և մասնավոր օպերատորների ներգրավման հնարավորությունը։
Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը
Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։
Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝ ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն, բ) սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, գ) մաքսային և միգրացիոն հսկողություն, դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, ե) պետական տեղեկատվական համակարգեր, և զ) պետական վարչարարություն և հսկողություն։
«Ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» մոդելը
Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանը կգործադրի իր լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, կօգտագործի թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների արդյունավետ աշխատանքը և TRIPP-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ դյուրացնելու համար։
Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են TRIPP նախագծերի մաքսային և միգրացիոն գործառությունների «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» («ընդունարան» – «գրասենյակ») գործառական մոդելի իրականացման համար։
Մասնավոր օպերատորների ներգրավումը
Համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ TRIPP-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայություններ մատուցելու համար՝ Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ։
Ուշադրություն. «Ֆրոնտ օֆիս» մոդելը նշանակում է, որ մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների սպասարկման ծառայություններ (փաստաթղթերի ընդունում, տեղեկատվություն և այլն), մինչդեռ «բեք օֆիս»-ում հայաստանյան պետական մարմինները կպահպանեն վերջնական հսկողությունը, որոշումների կայացումը և անվտանգության ապահովումը։
Ամփոփելով, պետք է նշել, որ TRIPP համաձայնագիրը նախատեսում է «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» գործառական մոդելի ներդրում TRIPP-ի իրականացման գոտիների սահմանային անցակետերում։ Մասնավոր օպերատորները («ֆրոնտ օֆիս») կարող են տրամադրել հաճախորդների սպասարկման ծառայություններ, սակայն Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և հսկողություն («բեք օֆիս») սահմանների, մաքսային գործառությունների, անվտանգության և պետական վարչարարության նկատմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։