95 տարեկանում մահացել է ջազի լեգենդը, «սաքսոֆոնի հսկա»` Սոննի Ռոլլինսը. Տեսանյութեր

95 տարեկան հասակում մահացել է ջազի լեգենդ, «սաքսոֆոնի հսկա» մականունով հայտնի Սոննի Ռոլինսը։

Երաժշտի մահվան մասին հայտնել է նրա ներկայացուցիչը՝ նշելով, որ նա ամերիկյան երաժշտության ամենապատվավոր և ազդեցիկ դեմքերից մեկն էր։ Ռոլինսը մահացել է երկուշաբթի օրը՝ Նյու Յորք նահանգի Վուդստոք քաղաքում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը չի հրապարակվել։

Ռոլինսի կարիերան սկսվել էր դեռևս 1940-ականների վերջին և տևել ավելի քան վեց տասնամյակ։ Նա համագործակցել է ջազի ամենամեծ անունների հետ, այդ թվում՝ Miles Davis, Charlie Parker և John Coltrane։ Իր երաժշտական ուղու ընթացքում Ռոլինսը թողարկել է ավելի քան 60 ալբոմ և արժանացել երկու «Գրեմմի» մրցանակի։ 2014 թվականին շնչառական հիվանդության պատճառով նա ավարտել էր բեմական գործունեությունը։

Նրա մահվան մասին հայտարարության հետ հրապարակվել է նաև 2009 թվականին ասված մի խոսք, որն այսօր նոր իմաստ է ստացել. «Կարծում եմ՝ երբ ստեղծագործող մարդն ավարտվում է, նա շարունակում է ապրել հաջորդ գոյության մեջ։ Ես հավատում եմ, որ այս կյանքը ամեն ինչի վերջը չէ»։

Երկար և անկանխատեսելի սոլոներով հայտնի Ռոլինսը համարվում էր ջազային իմպրովիզացիայի մեծագույն վարպետներից մեկը։ Նա խոստովանել էր, որ բեմ է բարձրանում առանց հստակ ծրագրի։

Երբ լռում է սաքսոֆոնը, աշխարհը մի պահ դադարում է շնչել

95 տարեկանում կյանքից հեռացել է ջազի վերջին տիտաններից մեկը՝ Sonny Rollins։ Մի երաժիշտ, որի անունը վաղուց արդեն դուրս էր եկել պարզապես արվեստագետ լինելու սահմաններից ու դարձել էր մի ամբողջ դարաշրջանի հոմանիշ։ Նրան անվանում էին «սաքսոֆոնի հսկա», բայց այդ բնորոշումն անգամ փոքր է թվում, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ էր նա ջազի համար։

Ռոլլինսը ոչ միայն նվագում էր՝ նա խոսում էր սաքսոֆոնով, վիճում, աղոթում, ծիծաղում ու լռում էր նրա միջոցով։ Նրա յուրաքանչյուր իմպրովիզացիա հիշեցնում էր Նյու Յորքի գիշերային փողոցները՝ անձրևից թաց, ծխախոտի մշուշով պատված, մենակ ու միաժամանակ՝ անսահման կենդանի։

Նրա տենոր սաքսոֆոնի ձայնը միանգամից ճանաչելի էր՝ խորը, մետաղական, երբեմն կոպիտ, երբեմն՝ անսպասելի քնքուշ։ Նա կարողանում էր մի քանի նոտայի մեջ տեղավորել ամբողջ մարդկային փորձառությունը։ Ջազում շատերն են վիրտուոզ եղել, բայց քչերն են ունեցել այն ներքին ազատությունը, որով շնչում էր Ռոլլինսը։ Նրա երաժշտությունը երբեք չէր ենթարկվում միայն տեխնիկային. այն միշտ փնտրում էր ճշմարտություն։

1950-60-ականների ջազային ոսկե դարաշրջանում նա կանգնած էր հսկաների կողքին ու երբեմն նույնիսկ նրանցից վեր։ Նա նվագել է Մայլս Դևիսի հետ, ի դեպ, ում ծննդյան օրն է այսօր, ինչպիսի նախանամություն, մեկի հետմահու ծննդյան օրը հեռանում է մյուսը։ Սև արքայազն Դևիսի սառը ու մելանխոլիկ շեփորը լրիվ այլ գույն էր ստանում Ռոլլինսի կրակոտ սաքսոֆոնի կողքին։ Նա համագործակցել է Թելոնիուս Մոնկի հետ՝ այդ տարօրինակ հանճարի, որի անկանոն հարմոնիաների մեջ Ռոլլինսը գտնում էր կատարյալ ազատություն։ Նրա կողքին նվագել են նաև John Coltrane, Max Roach, Clifford Brown, Dizzy Gillespie, Charlie Parker՝ մարդիկ, որոնց անուններն այսօր հնչում են ինչպես առասպելներ։

Ռոլլինսի արվեստը հատկապես պայթեց իր լեգենդար ալբոմներում։ Saxophone Colossus-ը ոչ պարզապես ալբոմ էր, այլ ջազային մանիֆեստ։ Այդտեղ հնչող “St. Thomas”-ը դարձավ հավերժական ստանդարտ՝ արևային, կարիբյան ռիթմերով լի մի ստեղծագործություն, որի ներսում նույնիսկ ուրախությունը փիլիսոփայական երանգ ուներ։ Իսկ “Blue 7”-ը համարվում է իմպրովիզացիոն արվեստի ամենաբարձր օրինակներից մեկը․ մի կոմպոզիցիա, որտեղ թվում է՝ երաժիշտը տեղում է ստեղծում տիեզերքը։

Հետո եկան Way Out West-ը՝ անապատային, գրեթե կինեմատոգրաֆիկ մթնոլորտով, Freedom Suite-ը՝ քաղաքացիական իրավունքների պայքարի ժամանակաշրջանի համարձակ երաժշտական հայտարարությունը, և The Bridge-ը՝ վերադարձ լռությունից հետո։

Այդ լռությունը նույնպես դարձավ լեգենդ։ Փառքի գագաթնակետին Ռոլլինսը հանկարծ անհետացավ բեմերից։ Նա կարծում էր, որ դեռ չի հասել այն կատարելությանը, որը որոնում էր ամբողջ կյանքում։ Ասում են՝ գիշերները գնում էր Նյու Յորքի Ուիլյամսբուրգի կամրջի վրա ու այնտեղ, քաղաքի աղմուկից վեր, միայնակ նվագում էր սաքսոֆոնը։ Քամին դառնում էր նրա ունկնդիրը։ Այդ տարիներից ծնվեց “The Bridge”-ը՝ ոչ միայն ալբոմ, այլ մարդու ներքին վերածննդի պատմություն։

Ռոլլինսը երբեք չդարձավ պարզապես նոստալգիայի երաժիշտ։ Նույնիսկ ծեր տարիքում նրա բեմական ներկայությունը հրաբխային էր։ Նա կարող էր մի քանի րոպեանոց սոլոն վերածել փիլիսոփայական ճամփորդության՝ լի հումորով, կատաղությամբ, լռությամբ ու պայթյուններով։ Նրա երաժշտության մեջ ապրում էր թե՛ Հարլեմի փողոցների աղմուկը, թե՛ բիբոփի հեղափոխությունը, թե՛ սևամորթ ամերիկյան հոգևոր պայքարը։

Այսօր ջազը կորցրել է իր վերջին մեծ մարգարեներից մեկին։ Բայց նման մարդկանց մահը երբեք վերջնական չէ։ Քանի դեռ գիշերվա կեսին որևէ բարում հնչելու է տենոր սաքսոֆոնի խռպոտ, ազատ, անհնազանդ ձայնը, այնտեղ ինչ-որ տեղ ներկա կլինի նաև Սոննի Ռոլլինսը։

Որովհետև իսկական ջազը չի մահանում։ Այն պարզապես փոխում է ակումբը, որտեղ շարունակելու է նվագել։

Սիմոն Սարգսյան

Leave a Comment