
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (Система подтверждения ожидания товаров (СПОТ), մանրամասները՝ Национальная система подтверждения ожидания товаров (СПОТ) https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/):
Ըստ գերատեսչության՝ նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։
Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ առանց ռուսաստանյան գործընկերոջ ձևավորած համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։
ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝
ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),
ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,
ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,
փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,
բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։
Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել՝
ապրանքի անվանումը,
քանակը և արժեքը,
ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,
հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,
փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը,
ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով։