Պարիս Քիշմիշը (իսկական անունով՝ Մարի Սուքիասյան) ծնվել ու մեծացել է Կոստանդնուպոլսում: 1933 թվականին ավարտելով Ստամբուլի համալսարանը՝ նա 1935-1936 թվականներին դասավանդել է տեղի Կեդրոնական վարժարանում, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ:
Ինչպես պատմում է Բյուրականի աստղադիտարանի առաջատար մասնագետ Հայկ Հարությունյանը, այդ տարիներին գիտության ոլորտում կանանց մուտքն ու հաջողությունը դժվարությամբ էր խրախուսվում։

Այդուհանդերձ, Մարին, ով արդեն ընտրել էր Պարիս անունը, ընդունվեց Հարվարդի համալսարան և 1937 թվականին ստացավ մաթեմատիկայի գծով դոկտորի գիտական աստիճան:
1939-1942 թվականներին նա աշխատեց Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, ապա ամուսնացավ և տեղափոխվեց Մեքսիկա:
Հենց այստեղ նա բազմաթիվ կարևոր հայտնագործություններ կատարեց աստղաֆիզիկայի ոլորտում՝ դառնալով համաշխարհային մեծության գիտնական։ Միջազգային գիտական համաժողովներում նա մշտապես սերտորեն շփվում էր Վիկտոր Համբարձումյանի և Ալենուշ Տերյանի հետ։
Ի դեպ, Ալենուշն էլ համարվում է Իրանի աստղագիտության «մայրը»։ Այս պատվավոր կոչումները հենց այնպես չեն տրվել, այլ Մեքսիկայի և Իրանի պետությունների ու ժողովուրդների բարձր գնահատականի ու երախտագիտության արդյունքն են երկու հայուհիների ներդրած մեծ ավանդի համար:
Պարիս Քիշմիշն իրենից հետո թողեց մեքսիկացի աստղագետների մի հիանալի դպրոց, որն այսօր էլ հաջողությամբ շարունակում է նրա գործը։