Կարեւոր է պահպանել մոտեցումների միասնությունը. Պուտինը՝ ՀԱՊԿ-ին

Կարեւոր է պահպանել մոտեցումների միասնությունն ու սերտորեն համակարգել ՀԱՊԿ առջեւ կանգնած ռազմավարական խնդիրների լուծման քայլերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի այսօրվա նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։

«Ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակը մնում է անկայուն։ Այդ կապակցությամբ կարեւոր է պահպանել մոտեցումների միասնությունն ու սերտորեն համակարգել ՀԱՊԿ-ի առջեւ կանգնած ռազմավարական խնդիրների լուծման քայլերը, ընդլայնել դրա վերլուծական ներուժը՝ իրավիճակի մանրակրկիտ եւ համակողմանի վերլուծության համար»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակը արագորեն վատթարանում է, իսկ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում արդեն առկա մարտահրավերների հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաեւ նոր սպառնալիքներ, սա էլ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։

«Հատկապես լարված իրավիճակ է ձեւավորվում ՀԱՊԿ արեւմտյան սահմանների մոտ։ Հիմնական սպառնալիքը գալիս է ՆԱՏՕ-ից եւ դրա կազմում ընդգրկված այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք տարվել են ռեւանշիստական եւ միլիտարիստական մոլուցքով»,- կարծում է Շոյգուն։

Նրա խոսքով. «Ափսոս, որ կազմակերպությունում մեր հայ գործընկերները դա չեն հասկանում եւ պաշտպանություն են փնտրում անմիջական սպառնալիքի աղբյուրի մոտ։ Սակայն դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է եւ նրա պատասխանատվությունը՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի համար»,- ասել է Շոյգուն։

Հայաստանը 2024 թվականի փետրվարի 23-ից սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դրան նախորդել էին 2022 թվականին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, որը ՀԱՊԿ կողմից ոչ քաղաքական, ոչ ռազմական արձագանք չի ստացել։  

Leave a Comment