Հայաստանում հունիսի 12-14-ը կանցկացվեն «Եվրոպական հնագիտության օրեր» եռօրյա միջոցառումները, գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Դրանք տեղի կունենան ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և մշակութային այլ հաստատություններում։
Միջոցառմանը միացել են հնագիտությամբ զբաղվող մի շարք կառույցներ Երևանից և տարբեր մարզերից՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Հայաստանի պատմության, Երևանի պատմության, ինչպես նաև Լոռի-Փամբակի, Դիլիջանի և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանները։
Ծրագրում նախատեսված են պեղավայրերի և հետազոտական կենտրոնների այցեր, հանդիպումներ հնագետների ու վերականգնողների հետ, ինչպես նաև կրթական և ճանաչողական միջոցառումներ՝ ցուցադրություններ, դասընթացներ, քայլարշավներ և պեղումներ։ Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի համար։
Հայաստանը «Եվրոպական հնագիտության օրեր» նախաձեռնությանը մասնակցում է արդեն 4-րդ տարին։ Նախաձեռնության համակարգումն ու խթանումը 2010-ից իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inrap)։
