Էդուարդ Սպերցյանը մրցաշրջանն ավարտել է 30 խաղում 30 արդյունավետ գործողությամբ

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում իր անձնական ձեռքբերումներին, գրել է Championat կայքը։

ՌՊԼ-ի 30 խաղում կիսապաշտպանը դարձել է 30 արդյունավետ գործողության հեղինակ՝ խփելով 13 գոլ և կատարելով 17 գոլային փոխանցում, տեղեկացնում է նույն լրատվամիջոցը։

«Հպարտ եմ մրցաշրջանի նման անձնական արդյունքի համար, բայց դեռ աշխատելու տեղ կա։ Այնուամենայնիվ, ինձ համար առաջնահերթությունը թիմն է։ Խոսքը պետք է լինի ոչ թե անձնական գոլերի ու փոխանցումների, այլ թիմի արդյունքների մասին։ Փոքր-ինչ տխուր է»,- թղթակցին ասել է Սպերցյանը։

«Կրասնոդարը» 2025/2026 մրցաշրջանն ավարտել է ՌՊԼ-ի և Ռուսաստանի Գավաթի արծաթե մեդալներով։ Առաջնությունում «ցլերը» երկու միավորով հետ են մնացել «Զենիթից», իսկ Գավաթի վճռորոշ խաղում զիջել են «Սպարտակին» (1:1, 11 մետրանոցներով՝ 3:4)։

Ավելի վաղ հայազգի ֆուտբոլիստը մեկնաբանել էր «Մարսելից» հետաքրքրության մասին լուրերը և քննարկել Եվրոպա տեղափոխվելու հեռանկարը։ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ լրանում է 2029 թվականին։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Leave a Comment