Բեյրութի հարավային ծայրամասերի բնակիչները լքում են իրենց տները, այն բանից հետո, երբ իսրայելցի հրամանատարները հայտարարեցին շիական «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ գործողությունները ընդլայնելու մտադրության մասին։
Ղոբեյրիի քաղաքապետարանի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ գիշերը Բեյրութի միջազգային օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոնական և արևելյան թաղամասեր տանող մայրուղով խիտ երթևեկություն է ընթանում։
«Մարդիկ վախենում են, որ հարավային ծայրամասերի ռմբակոծությունը կվերսկսվի։ Նրանք վախեցած են Իսրայելի կառավարության անդամների սպառնալիքներից, որոնք կոչ են արել քանդել Բեյրութի շենքերը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերի հարձակումների», – ասել է աղբյուրը։
Ավելի վաղ, ինչպես հաղորդել է «Ալ Ջազիրան», Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը կոչ էին արել քանդել հարավային Բեյրութի 10 շենք՝ Իսրայելի տարածք արձակված յուրաքանչյուր անօդաչու թռչող սարքի դիմաց։