Ինտեգրված էսսեն ԿԶՆԱԿ-ի կողմից դիտարկվում է որպես ժամանակակից կրթական չափորոշիչներին համապատասխանող ուսուցման և գնահատման արդյունավետ ձև, որն ուղղված է սովորողների կարողունակությունների զարգացմանը։ Այն կարևորում է ոչ միայն առանձին առարկայական գիտելիքների յուրացումը, այլև տարբեր բնագավառներից ստացված գիտելիքների համադրումը, վերլուծական և քննադատական մտածողության զարգացումը, ինչպես նաև սովորողի ինքնուրույն դիրքորոշման ձևավորումը։


ԿԶՆԱԿ-ը ինտեգրված մոտեցումը գնահատում է որպես կրթության բովանդակության արդիականացման կարևոր միջոց, քանի որ այն նպաստում է միջառարկայական կապերի ամրապնդմանը և ուսուցման գործնական ուղղվածության ապահովմանը։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ինտեգրված էսսեի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ են հստակ չափանիշներ, ուսուցիչների մասնագիտական պատրաստվածություն և համապատասխան մեթոդական աջակցություն, որպեսզի գնահատման գործընթացը լինի օբյեկտիվ և նպաստի սովորողների ստեղծագործական ու հետազոտական կարողությունների զարգացմանը։
Թե ինչպե՞ս կարող են 9-րդ դասարանցիներն արդյունավետ պատրաստվել ինտեգրված էսսեի քննությանը, ներկայացնում է ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանը։

«Շատ կարևոր է, ընդհանրապես, բանալի բառերը դուրս բերելը։ Մենք դրանց վրա չենք աշխատել։ Բոլոր գրավորները ունեն հարցադրում, որ վերաբերում են և՛ պատմության, և՛ գեղարվեստական հատվածներին, ինտեգրված է հարցը։ Պատասխանելու համար պետք է ընթերցել հատվածները և տրված տեքստում ընդգծել այն հատվածները, որոնք հարցի պատասխանի համար կարող են օգտակար լինել։ Կարդալով այդ ընդգծումները՝ դրանց շուրջ դատողություններ հայտնել։ Օրինակ՝ եթե ես ընդգծել եմ այս նախադասությունը, ի՞նչ եմ մտածում դրա մասին։ Ո՛չ թե ի՞նչ է գրված, այլ՝ ե՛ս ինչ եմ մտածում այդ գրվածի մասին։ Եվ, երբ երեխան կարողանա ճիշտ հարցին պատասխանող տողերը ընդգծել, իր համար շատ ավելի հեշտ կլինի ձևավորել ինտեգրված էսսե»։
Մեր խորհուրդն է աշակերտներին՝ չսահմանափակվել միայն անգիր սովորած ձևակերպումներով, այլ փորձել զարգացնել սեփական վերլուծական մտածողությունը, ընթերցանության մշակույթը և գրավոր խոսքի հստակությունը։ Կարևոր է պարբերաբար կարդալ տարբեր բնույթի տեքստեր, ուշադրություն դարձնել մտքերի տրամաբանական հաջորդականությանը և փորձել յուրաքանչյուր թեմայի շուրջ ձևավորել ինքնուրույն դիրքորոշում։
Ինտեգրված էսսեն միայն գիտելիքի ստուգում չէ, այն նաև ձեր մտածելու, համադրելու և հիմնավորելու կարողությունների արտահայտությունն է։