Վինիսիուսը խոստում է տվել Պերեսին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն առաջիկայում չի լքի ակումբը։ Լրագրող Միգել Սերանոյի տեղեկություններով՝ մադրիդյան թիմի ղեկավարությունն ամենևին չի անհանգստանում, որ բրազիլացին կարող է 2027 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ: Ֆուտբոլիստն անձամբ է խոստացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ նման բան չի անի։

Վինիսիուսը հայտարարել է, որ մտադիր է դեռ երկար տարիներ մնալ «Ռեալում»։ Ավելին, անգամ եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում, հարձակվողն ակումբից կհեռանա միայն այն դեպքում, եթե Մադրիդի «Ռեալին» շահավետ ֆինանսական առաջարկ արվի:

Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը բրազիլական «Ֆլամենգոյից» «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին՝ 45 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Leave a Comment