Իսրայելը կուժեղացնի Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ հարվածները

Իսրայելը կուժեղացնի Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ հարվածները

Իսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում գործող «Հեզբոլլահ» խմբավորման դեմ․ այդ մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նեթանյահուն բանակին հանձնարարել է «էլ ավելի ուժգին սեղմել ոտնակը» և ընդլայնել ռազմական գործողությունները շիական արմատական խմբավորման դեմ։ Հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ «Հեզբոլլահը» շարունակում է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել իսրայելական ռազմական օբյեկտներին։

Իսրայելի տվյալներով՝ ապրիլի 16-ին Լիբանանի կառավարության հետ զինադադարի հաստատումից հետո նման հարձակումների հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ մեկ զինծառայող, որը սպանվել է նախօրեին։

Լիբանանյան կողմը, իր հերթին, պնդում է, որ նույն ժամանակահատվածում իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 400 մարդ։

Ընդլայնվող ռազմական արշավի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նախատեսում է թիրախավորել նաև «Հեզբոլլահի» օբյեկտները Լիբանանի արևելքում գտնվող Բեկաայի հովտում։

Նեթանյահուի հայտարարությունը հնչել է նաև այն ֆոնին, երբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել են Դոհա՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով։ Ըստ հաղորդումների՝ այդ գործարքը կարող է նպաստել Իրանի շուրջ արդեն երեք ամիս շարունակվող լարվածության կարգավորմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment