Անհրաժեշտությունը
Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի Հոդված 38-ի եզրափակիչ մասը և անցումային դրույթների 6-րդ մասը, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2026/2027 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատման և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն՝ ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Հաշվի առնելով, որ ուժը կորցրած է ճանաչվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը, որով սահմանված էր լիազորող նորմը, նախարարությունը հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի Հոդված 38-ի եզրափակիչ մասը և անցումային դրույթների 6-րդ մասը՝ մշակել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:
Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:
Որոշման նախագծով նախատեսված արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 39 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 112 մասնագիտությամբ:
Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի մինիմալ քանակի ապահովումը:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2026/2027 ուսումնական տարվա համար նախատեսվել է արհեստագործական կրթական ծրագրով 422 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 410, որից 60-ը ՀՀ ներքին գործերի նախարարությանը, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների՝ գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:
Արհեստագործական կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին:
ՀՀ պետական բյուջեից անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղեր միջին մասնագիտական կրթական ծրագրով հատկացվել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2026-2027 ուսումնական տարում ընդունելություն կազմակերպելու համար:
Ներկայումս որոշ ուսումնական հաստատություններ դիմել են նոր մասնագիտություններով համապատասխան լիցենզիա ստանալու համար, որոնց համար նախատեսվել են որոշակի տեղեր: Լիցենզաներ չստանալու դեպքում, մինչև ՀՀ կառավարության հաստատմանը սահմանված կարգով ներկայացնելը՝ կվերանայվի վերջնական քանակը, որը էական փոփոխության չի ենթարկվի և ընդհանուր տեղերի թիվը չի գերազանցի:
Պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավել դիմորդներ և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:
Նախագծի 3-րդ հավելվածով ներկայացված է 2026-2027 ուսումնական տարվա համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը: Ցանկում նշված մասնագիտություններով ընդունվածներին տրամադրվելու է բարձր կրթաթոշակ հետևյալ սկզբունքով.
«22. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը տրվում է ուսումնառող՝
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների (այսուհետ՝ գերակա ոլորտ) մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին.
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց առաջադիմության դեպքում:
22-րդ կետի՝
1-ին ենթակետով սահմանված պահանջներին բավարարող ուսանողին առաջին կուրսում տրամադրվում է 50000 (հիսուն հազար) դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով՝
ա. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 (հիսուն հազար) դրամի չափով,
բ. 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 (քառասուն հազար) դրամի չափով.
2-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող ուսանողին տրամադրվում է 25000 (քսանհինգ հազար) դրամի չափով կրթաթոշակ:»
(ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշում)
Հաշվի առնելով, որ առաջնահերթ մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել է երկու տարի՝ նախարարությունը նպատակահարմար է համարել 2026-2027 թվականի համար առաջնահերթ մասնագիտությունների էական փոփոխություն չկատարել:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում արհեստագործական և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ՝ ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2026/2027 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.3 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելված 1-ի 11-րդ կետի 11 ենթակետի միջոցառումը՝ «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում»:
ՏԵՂԵԿԱՆՔ՝ պետական բյուջեի ազդեցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ՝ այլ նորմատիվ իրավական ակտերի անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա: