Իրանական պատվիրակությունը, որի կազմում են գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ժամանել է Դոհա՝ Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, հայտնել է Reuters գործակալությունը։
Ըստ կայքի՝ այցի նպատակն է քննարկել հակամարտության դադարեցման ուղիները։
Աղբյուրի տեղեկություններով՝ խորհրդակցությունների ժամանակ հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի և Իրանում բարձր հարստացված ուրանի պաշարների վրա։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ պատվիրակության կազմում է նաև Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը։ Ակնկալվում է, որ նա կմասնակցի վերջնական համաձայնագրի շրջանակներում իրանական ակտիվների հնարավոր ապասառեցման շուրջ քննարկումներին։
Ավելի վաղը Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:
