Հայաստանից Ռուսաստան արտահանվող ելակը վերադարձվել է Բագրատաշենի անցակետից, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ այդ մասին ահազանգել են հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողները։ Նա նշել է, որ ֆիտոսանիտարական ծառայությունն արգելել է արտահանումը՝ հղում անելով անթույլատրելի նյութի առկայությանը։
Դանիելյանի պնդմամբ՝ նախկինում նույն արտահանողների մոտ նման խնդիրներ չեն գրանցվել, իսկ արտահանվող մրգերն ու բանջարեղենը համապատասխանել են սահմանված չափանիշներին։ Նրա խոսքով՝ արտադրողները մտավախություն ունեն, որ եթե ելակը ժամանակին չիրացվի, կարող են կրել մեծ վնասներ։
Պատգամավորը նաև նշել է, որ մոտ ժամանակում սկսվելու է կեռասի արտահանումը, և շուկայի մասնակիցները մտահոգված են նմանատիպ սահմանափակումների հնարավորությամբ։ Դանիելյանը տեղի ունեցողը կապել է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետ։
Ելակի արտահանման խնդիրները հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին են։ ՀՀ-ՌՄ հարաբերությունների շուրջ Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցրել «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
«Ռոսպոտրեբնադզորը» խախտումներ հայտնաբերելուց հետո կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:
Կարդացեք նաև՝
Լավրովի ու Մեդվեդևի նախազգուշացնող հայտարարությունները՝ հասցեագրված Երևանին
