«Շերտերի արանքում». նյութը, մակերեսն ու ժամանակը Անի Քանանյանի գործերում. «Վերնատուն»

Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Անի Քանանյանի «Շերտերի արանքում» վերնագրով կերամիկական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Ստեղծագործությունները, ինչպես ինքն է ասում, նյութի, մակերեսի և ժամանակի փոխազդեցությունների մասին են։ Հենց այս թեմայի շուրջ էլ զրուցում ենք արվեստագետի հետ։

«Նախորդ ցուցահանդեսս 10 տարի առաջ էր՝ Գեղարվեստի պետական ակադեմիան ավարտելիս։ Այն ժամանակ իմ ուսումնասիրություններն ու շեշտադրումներն ուղղված էին կավը որպես կիրառական նյութ ընկալման մերժմանը։ Դրանից հետո սկսվեց ստեղծագործական մի նոր փուլ, որը շարունակվում է մինչ օրս։ Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ինչ եմ արել այս տասը տարիների ընթացքում. ցանկանում էի հետադարձ հայացք գցել անցածս ուղուն, միևնույն ժամանակ, ասելիքս ու բուն ուսումնասիրվող թեմաները շատ չեն փոփոխվել, այլ պարզապես զարգացել են։ Ինձ համար առանցքային էր ցուցահանդես ունենալն ու գործերս արվեստանոցային տարածքից դուրս բերելը, այնպես որ՝ այս ցուցահանդեսը ամփոփման ու հետադարձ հայացքի մասին է։

Ինձ անչափ դուր է գալիս անընդհատ սովորելու և փորձարկումներ անելու պրոցեսը, քանի որ մշտապես նոր նյութեր են ի հայտ գալիս, ու հարկավոր է հասկանալ դրանց լեզուն։ Պետք է հստակ իմանաս՝ ինչպես աշխատես ու ինչպես թրծես նյութը։ Այսինքն՝ բացի բուն ստեղծագործելուց, դու պարտավոր ես նաև տեխնիկապես կատարելապես տիրապետել նյութին», – ասում է արվեստագետը։

Անի Քանանյանի «Շերտերի արանքում» կերամիկական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը Գեղագիտության ազգային կենտրոնում կշարունակվի մինչև մայիսի 31–ը։

Leave a Comment