Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու և Նիկոլ Փաշինյանին տապալելու ռազմավարությունը։ 

Ըստ հրապարակված նյութերի՝ վերլուծաբանները բացառել են ռազմական հեղաշրջման կամ փողոցային բողոքի միջոցով իշխանափոխության սցենարները՝ ուժայինների լոյալության պատճառով, և որպես միակ աշխատող տարբերակ ընտրել են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները։

«Хроника Кавказа» հարթակի հրապարակած գաղտնի զեկույցում նշվում է, որ Մոսկվան հասարակությունը բաժանում է երեք էլեկտորալ սեգմենտի, որտեղ առանցքային թիրախը բնակչության 70 տոկոս կազմող «կարմիր» դաշտն է՝ մարդիկ, ովքեր դեմ են Փաշինյանին, բայց չեն ցանկանում նաև նախկինների վերադարձը։

Այս հսկայական զանգվածը գրավելու համար ռուսական կողմը խաղադրույք է կատարում գործարար Սամվել Կարապետյանի վրա՝ նրան անվանելով «հայկական Իվանիշվիլի», ով պետք է ձևավորի նոր «երրորդ ուժ» և միավորի ընդդիմադիր դաշտը մեկ ընդհանուր դաշինքի մեջ։

Պլանի համաձայն՝ այս մեծ դաշինքի («քվարտետի») մեջ պետք է մտնեն Սամվել Կարապետյանի նոր կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և եկեղեցու ու «քաղբանտարկյալների» պաշտպանության համար ստեղծվող անկախ «Քաղաքացիական պլատֆորմը»։ 

Փաստաթղթերում նշվում է, որ որպես առաջին փորձաշրջան ընտրվել էր Էջմիածնի տեղական ընտրությունները, որտեղ հիմնական հարվածն իր վրա պետք է վերցներ «Մայր Հայաստան» դաշինքը, որպեսզի ձախողման դեպքում չտուժեր Սամվել Կարապետյանի վարկանիշը։ 

Վերլուծաբանները որպես հիմնական կետ նշել են Վաղարշապատը՝ հայտարարելով, որ այս ընտրությունները պետք է դառնան այսպես կոչված «Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի ազատագրման գործընթաց»: Ինչպես նշվում է տեքստում, «Մայր Հայաստան կուսակցությունը, որը հաջող փորձ է ունեցել Երևանի և Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, պետք է մասնակցեր Էջմիածնի ընտրություններին»:

Միևնույն ժամանակ, ռուս ստրատեգները արձանագրում են խորը պառակտում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ճամբարներում՝ նշելով, որ նրանք ավելի շատ պայքարում են միմյանց դեմ, քան գործող իշխանության, և պլանավորում են նրանց կանգնեցնել կա՛մ Կարապետյանի առաջնորդությունն ընդունելու, կա՛մ լիովին լուսանցք մղվելու փաստի առաջ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ գլխավոր դեստրուկտիվ տարրը կուրատորները համարում են Սերժ Սարգսյանին, որը փորձում է «խաղից հանել Ռոբերտ Քոչարյանին», Արման Թաթոյանի և Ռուբեն Մխիթարյանի տեխնիկական դեմքերի միջոցով «սև» ընտրական դաշտում իր փեսային՝ Միքայել Մինասյանին առաջ մղելու համար։

Leave a Comment