Մայիսի 25-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, և արդեն երրորդ տարին նա այն դիմավորում է Բաքվում՝ ապօրինի կալանքի պայմաններում։ Ծննդյան օրվա առթիվ Վարդանյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև սեփական արժեհամակարգին ու հավատքին։
Ուղերձում Վարդանյանը փոխանցել է 5 միտք, որոնցից առաջինում նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օգտագործելով «Քաջ Նազար» ձևակերպումը և քննադատելով նրա քաղաքական ու բարոյական վարքագիծը։
«Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Երկրորդը, սիրելի «Քաջ Նազար» Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել։ Առաջինը՝ ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից էր Էրիխ Մարիա Ռեմարկը։ Երկրորդ, կալանախցում գտնվելով 800 օր՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել, փորձում էի գտնել հայ գրողների գրքեր։ Ցավոք, գրադարանում հայերեն կար միայն երկու գիրք՝ մեկը Վարդգես Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը»,- նշել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի գիրքն ընթերցելիս շատ է զարմացել և նոր «բացահայտումներ» է արել։
«Չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք։ Կարդալով Ձեր գիրքը՝ համոզվեցի, որ ոչ միայն ունեք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձևի, կրթության առումով և ուրիշ խնդիրների առաջ եք կանգնած, որ սուտասան եք, հնարող եք և այլն, նաև գրագող եք։ Ձեզ մեծ պատիժ է սպասում, գիտե՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, հավատում են, որ նա վերածնվում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ և 84 000 տարի ապրում՝ որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում։ Հույս ունեմ՝ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ՝ արդեն ուշ է»,- գրել է Վարդանյանը։
Արցախի նախկին պետնախարարը նաև հայտարարել է, որ «պատերազմը չի ավարտվել»՝ ընդգծելով, որ այն շարունակվում է ոչ թե ռազմական, այլ քաղաքական, տնտեսական և տեղեկատվական մեթոդներով։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար գլխավոր վտանգը Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տակ հայտնվելն է։
«Հիմա, երբ մեզ Ռուսաստանի և ԵՄ-ի մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ինչպես ենք դառնալու իրենից կախված՝ և՛ տնտեսական, և՛ նյութապես, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով ու ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որն արդեն հիմա՝ առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների, կենթարկեն քայլ առ քայլ: Եթե ոչինչ չանենք, դա իրականացվելու է շատ արագ»,- նշել է նա։
Վարդանյանը չորրորդ ուղերձով քննադատել է մայիսի 28-ին նախատեսվող ռազմական շքերթի գաղափարը՝ այն անվանելով «անբարոյական», քանի դեռ հայ գերիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։
«Բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայերնասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է»,- ասել է նա։
Հինգերորդը, ըստ Վարդանյանի, անտարբերությունն է, որն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Նա կոչ է արել չլինել անտարբեր և ընդգծել, որ «մեր ապագան մեր ձեռքերում է»։
Խոսքի ավարտին Վարդանյանը ներկայացել է որպես «Աստծո խոնարհ ծառա՝ դասա Ռուբեն»։ Նա բացատրել է, որ «դասա» (սանսկրիտ՝ dāsa) հասկացությունը նշանակում է «ծառա», «նվիրյալ» կամ «ծառայությանն իրեն նվիրած մարդ»։ Այս գաղափարը հիշատակվում է նաև Հերման Հեսսեի «Հուլունքախաղը» վեպում՝ որպես ծառայության և հոգևոր ճանապարհի խորհրդանիշ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո ոչ մի միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին։
