Նավթի գները մայիսի 25-ի դրությամբ՝ նվազել են ավելի քան 5 դոլարով և հասել վերջին երկու շաբաթվա ամենացածր մակարդակին, գրել է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ սա պայմանավորված է Նահանգների և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքմամբ։ Սրան զուգահեռ՝ պարբերականը նաև ընդգծել է, որ կողմերը դեռևս տարաձայնություններ ունեն որոշ առանցքային հարցերի շուրջ, օրինակ՝ Հորմուզի նեղուցի շրջափակման։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 5,09 դոլարով կամ 4,9%-ով՝ հասնելով բարելի դիմաց 98,45 դոլարի, իսկ ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը նվազել է 5,22 դոլարով կամ 5,4%-ով՝ կազմելով 91,38 դոլար։ Երկու պայմանագրի գներն էլ առևտրային շրջանի ընթացքում գրանցել են իրենց ամենացածր ցուցանիշը մայիսի 7-ից ի վեր։
Այսօր ավելի վաղ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հղում անելով անծանոթ աղբյուրին՝ գրել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Թեհրանը միջնորդների միջոցով փոխանցել է, որ երկրների միջև համաձայնության չի լինի առանց Իրանի սառեցված ակտիվների որոշակի մասի նախնական ազատման։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների վերսկսումը:
