Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը մնում է բաց։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ։
Պեսկովը նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են ՌԴ-ի ուղղությամբ զարգացմանն ու Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին։
«Իհարկե, մենք մնում ենք երկխոսության մեջ մեր հայ բարեկամների հետ և կշարունակենք դա անել», — ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Մոսկվան լսել է հայտարարություններ այն մասին, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հայաստանում սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը։ Այս համատեքստում լրագրողները ենթադրել են, որ հանդիպումների ընթացքում կարող են հնչել հակառուսական հայտարարություններ, և այդ կապակցությամբ հարց են ուղղել Պեսկովին՝ ինչպես է Կրեմլը վերաբերվում նման պրակտիկային։
«Վերջին օրերին մենք լսել ենք հայտարարություններ և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ արտգործնախարարի կողմից, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Մենք լսել ենք այդ հայտարարությունները», — նշել է Պեսկովը։