Թումոն իր 15-ամյակի առթիվ կանցկացնի գալա երեկո Լոս Անջելեսում

Թումոն 2026 թվականի սեպտեմբերի 20-ին կանցկացնի իր 15-ամյակին նվիրված գալա երեկոն Լոս Անջելեսում՝ Վիբիանայի պատմական շենքում։

Միջոցառումը կմիավորի բարերարների և աջակիցների՝ Թումոյի 15 տարիների ազդեցությունը նշելու և միջոցներ հավաքելու Հայաստանում հետագա ընդլայնման համար։

Այս ձեռքբերումը Թումոն տոնելու է ուշադրություն հրավիրելով երեք նորարար առաջնորդների վրա, որոնց ներդրումները կարևոր դեր են ունեցել Թումոյի առաքելությունն առաջ մղելու և Հայաստանի տեխնոլոգիական և ստեղծարար էկոհամակարգը հզորացնելու գործում՝

Վահե Կուզոյան՝ ServiceTitan, համահիմնադիր և նախագահ

Ռև Լեբարեդեան՝ NVIDIA Omniverse & Simulation Technology, փոխնախագահ

Արա Մահտեսյան՝ ServiceTitan, տնօրենների խորհրդի նախագահ, համահիմնադիր և գործադիր տնօրեն

2011 թվականին Երևանում հիմնադրված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ձևավորվել է մի պարզ համոզմունքի շուրջ․ եթե պատանիները հասանելիություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաների և դիզայնի կրթությանը, նրանք կարող են բացահայտել իրենց ներուժը, ստեղծել իրենց ապագան և կարևոր դեր ունենալ իրենց համայնքների զարգացման գործում։

15 տարի անց այս գաղափարը վերածվել է համաշխարհային կրթական ցանցի, որը հասանելի է 100.000-ից ավելի պատանիների։ Թումոյի ինքնուսուցման և ոլորտային մասնագետների ղեկավարած դասընթացների ու աշխատարանների շնորհիվ ուսանողները հմտանում են 14 ոլորտներում, այդ թվում՝ գեներատիվ AI, ծրագրավորում, անիմացիա, լուսանկարչություն, երաժշտություն, ռոբոտաշինություն, ֆիլմերի ստեղծում և ավելին՝ զարգացնելով ստեղծարարությունը, ճկունությունն ու համագործակցելու կարողությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում։

Յուրաքանչյուր շաբաթ տասնյակ հազարավոր պատանիներ հաճախում են Հայաստանի և աշխարհի Թումո կենտրոններ և տուփեր՝ դառնալով ստեղծագործ և նորարար երիտասարդների միջազգային համայնքի մասը։

Գալայի ընթացքում հավաքված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն Թումոյի ծրագրերի ընդլայնմանը և Հայաստանի գյուղական համայնքներում նոր կենտրոնների և տուփերի ստեղծմանը։

«Թումոն մուտք է գործում մի նոր փուլ, այժմ մեր խնդիրը սուպերսովորողների նոր սերունդ ձևավորելն է՝ պատանիներ, որոնք զինված են արագ փոփոխվող աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ տեխնիկական հմտություններով, հետաքրքրասիրությամբ և ճկունությամբ»,-ասում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Leave a Comment