Իրանը դեռևս չի կարող ասել, որ մոտ է Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի ստորագրմանը, սակայն որոշումներ են կայացվել մի շարք հարցերի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Ճիշտ է, որ մենք արդյունքների ենք հասել մի շարք հարցերի շուրջ, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է ասել, որ համաձայնագիրը անխուսափելի է», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Բաղային նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցվող համաձայնագիրը ներառում է «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունները դադարեցնելու մասին կետ։
Դիվանագետը վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը, որ Թեհրանը ներկայումս Վաշինգտոնի հետ չի քննարկում Իրանի միջուկային ծրագիրը։