
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 25-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիից Ագրա մեկնելիս հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը կարող է իրականանալ «այսօր»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Մենք կարծում էինք, որ երեկ երեկոյան կարող են որոշ նորություններ լինել, գուցե այսօր: Ես շատ ենթադրություններ չեմ անի դրա շուրջ», – հայտարարել է Ռուբիոն։Նրա խոսքով՝ քննարկվում է Հորմուզի նեղուցի բացման հարցը, ինչպես նաև միջուկային հարցերը: Ռուբիոն նշել է, որ այս համաձայնագիրը մեծ աջակցություն ունի Պարսից ծոցի և այլ երկրների կողմից:
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն դիվանագիտությանը կտա հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները՝ նախքան «այլընտրանքներ» ուսումնասիրելը: Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կա՛մ լավ համաձայնագիր կունենա Իրանի հետ, կա՛մ էլ այդ երկրի հետ կգործի «այլ կերպ»։«Ես կնախընտրեի, որ մենք լավ համաձայնագիր ունենանք», – նշել է նա:Անդրադառնալով Լիբանանին՝ նա նշել է, որ խնդիրը ոչ թե Լիբանանի և Իսրայելի մեջ է, այլ «Հեզբոլլահ»-ի: «Քանի դեռ «Հեզբոլլահ»-ը գոյություն ունի, դժվար կլինի Լիբանանում խաղաղության հասնել: Իսրայելը միշտ իրավունք ունի պաշտպանվելու: Յուրաքանչյուր երկիր ունի այդ իրավունքը:
Եթե «Հեզբոլլահ»-ը հրթիռներ արձակի նրանց վրա, Իսրայելն ունի բոլոր իրավունքները՝ արձագանքելու դրան կամ թույլ չտալու, որ դա տեղի ունենա»,- ասել է նա։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչներին ասել է չշտապել Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում։