ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները դրել է ուղիղ սպառնալիքի տակ, և նրա գործողությունները հետևանքներ կունենան։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևի խոսքով՝ Փաշինյանը, զբաղեցնելով ՀՀ ղեկավարի պաշտոնը, չի գնահատել Մոսկվայի կողմից ցուցաբերված եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները և ընտրել է ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման ուղին։
«Նրա պետությունը Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից ամենաշատ շահած երկրներից մեկն է։ Այսօր նա մեր հարաբերությունները դրել է ուղիղ սպառնալիքի տակ։ Փաստացի խզել է կապերը ՀԱՊԿ-ի հետ, այն դեպքում, երբ հենց ՀԱՊԿ-ի շրջանակում ՌԴ-ն միշտ պատրաստ է պաշտպանել Հայաստանը՝ նրա կողմից ճանաչված սահմաններում։ Նա հրաժարվում է մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովներին և Երևանում հավաքում է ՌԴ-ի զզվելի թշնամիներին», — ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Մեդվեդևի խոսքով՝ սա Փաշինյանի և իր շրջապատի համար առանց հետևանքների չի մնա, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ոլորտում։
Նրա խոսքով՝ Փաշինյանը Հայաստանը տանում է «բանդերական Ուկրաինայի» ճանապարհով։