Նավթի համաշխարհային գները նվազել են 6%-ով՝ հասնելով վերջին երկու շաբաթվա ամենացածր մակարդակին։ Սա այն բանից հետո, երբ մեծացել է լավատեսությունն առ այն, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտենում են խաղաղության համաձայնագրի կնքմանը, թեև կողմերը դեռևս տարաձայնություններ ունեն առանցքային հարցերի, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման շուրջ։
«Brent» տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 5,85 դոլարով կամ 5,7%-ով՝ հասնելով բարելի դիմաց 97,69 դոլարի, իսկ ամերիկյան «West Texas Intermediate» (WTI) տեսակի նավթի գինը կազմել է 90,85 դոլար՝ նվազելով 5,75 դոլարով կամ 6%-ով։ Երկու պայմանագրերն էլ առևտրային նստաշրջանի սկզբում գրանցել են մայիսի 7-ից ի վեր իրենց ամենացածր ցուցանիշը։
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Իրանը «մեծ մասամբ համաձայնեցրել են» խաղաղության գործարքի շուրջ փոխըմբռնումը, որը կվերաբացի Հորմուզի նեղուցը։ Մինչ հակամարտությունը՝ այս նեղուցով էր իրականացվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային փոխադրումների մեկ հինգերորդ մասը։
«Չնայած բոլոր վերապահումներին ու ռիսկերին, որոնք դեռևս առկա են խաղաղության գործարքի և Հորմուզի նեղուցի հարցում, թունելի վերջում այժմ լույս է երևում, ինչը մոտ ապագայում որոշակիորեն կմեղմի նավթի գները»,- նշել է «MST Marquee»-ի վերլուծաբան Սոլ Կավոնիկը:
Այնուամենայնիվ, երկու կողմն էլ շարունակում է տարակարծիք մնալ մի շարք բարդ հարցերի շուրջ. կիրակի օրը Թրամփը հայտարարել էր, որ հանձնարարել է իր ներկայացուցիչներին չշտապել Իրանի հետ որևէ գործարքի կնքման հարցում։
