ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները «աշխատանքային և կառուցողական բնույթ են կրում»: Միաժամանակ, Թրամփը հայտնել է ամերիկյան պատվիրակությանը տված իր հանձնարարության մասին՝ չշտապել գործարքի կնքման հարցում։
Ավելի վաղ Պետքարտուղարության ղեկավար Մարկո Ռուբիոն ասել էր, որ Իրանի հետ բանակցություններում «զգալի», բայց «ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել։
Ռուբիոն կրկին վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, համաձայն որի՝ «Իրանը երբեք չպետք է տիրապետի միջուկային զենքի»՝ «զավեշտալի» անվանելով այն միտքը, թե Դոնալդ Թրամփը կարող էր համաձայնել դրան։
Truth Social ցանցի իր հրապարակման մեջ Թրամփը հաստատել է այս դիրքորոշումը. «Իրանի հետ մեր փոխհարաբերությունները դառնում են շատ ավելի պրոֆեսիոնալ և արդյունավետ։ Միևնույն ժամանակ, նրանք պետք է հասկանան, որ չեն կարող մշակել կամ ձեռք բերել միջուկային զենք կամ ռումբ»։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Իրանի ծովային շրջափակումը այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնագիր չի կնքվել։ «Բանակցությունները շարունակվում են, դրանք կրում են աշխատանքային ու կառուցողական բնույթ, և ես տեղեկացրել եմ մեր ներկայացուցիչներին, որպեսզի չշտապեն գործարքի հարցում, քանի որ ժամանակը մեր օգտին է աշխատում»,- ասված է նրա գրառման մեջ։
Այդ ընթացքում Իրանը նույնպես շարունակում է Հորմուզի նեղուցի շրջափակումը, որով մինչև պատերազմի սկսվելը մատակարարվում էր համաշխարհային նավթի և գազի զգալի մասը։ Այս պատճառով էներգակիրների գներն ամբողջ աշխարհում մնում են ծայրահեղ բարձր, ինչը հարվածում է շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի տնտեսությանը։
