Թե ապացուցեն լրտես եմ՝ պատրաստ եմ պատժի, թե չէ՝ թող մտնի առյուծի բունը. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է իր հասցեին հնչած լրտեսության մեղադրանքներին և առանձնատունը պետականացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին։

Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է վերցնել Առինջում գտնվող Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և այն վերածել տարեցների խնամքի կենտրոնի։ Բացի այդ, կառավարության ղեկավարը ԲՀԿ առաջնորդին մեղադրել էր լրտեսության մեջ՝ նրան անվանելով «ճ դասի լրտես»։

Ծառուկյանն առաջարկել է կառավարական առանձնատները նվիրել վիրավոր զինվորներին, իսկ Փաշինյանին հորդորել մտածել ոչ թե 2031 թվականի, այլ մինչև այս տարվա հունիսի 28-ի իր անելիքների մասին, քանի որ «հողը նրա ոտքի տակից գնում է»։

«Ես ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, որ կառավարության այդ առանձնատունը, դաչան, ավելի լավ է նվիրենք պատերազմում վիրավորում ստացած տղաներին, հերոսներին, ովքեր ապաքինման կարիք ունեն»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է իր կողմից կազմակերպել անհրաժեշտ սարքավորումներն ու օգնությունը վիրավոր զինծառայողների համար։

Ծառուկյանը նաև մեկնաբանել է իր հասցեին հնչած մեղադրանքները հնարավոր լրտեսության վերաբերյալ։

Նա նշել է, որ եթե որևիցե մեկը ապացուցի նման մեղադրանքները, ինքը պատրաստ է կրել ամենախիստ պատիժը։

«Եթե որևիցե մեկը իմ մասով լրտեսության փաստ ապացուցի, ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, թող ինձ մահապատժի արժանացնեն։ Բայց եթե ոչ՝ թող այդ մարդը գա, իր ոտքով մտնի առյուծի բունը ու դուրս գա, այն էլ՝ որձ առյուծի մոտ», – ասել է նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը նաև հայտարարել է, որ թույլ չի տալիս իրեն մտնել վարչապետի ընտանիք և դա համարում է իր «բարձրունքը», որից չի իջնում։

Միևնույն ժամանակ, նա քննադատել է իշխանությունների գործողությունները՝ հայտարարելով, որ ութ տարի մարդկանց խաբելով, սուտ ասելով՝ «ոչ մի բան չի փոխվել իրական կյանքում»։

«Այս եմ անելու, այն եմ անելու, էն եմ անելու, եկել եմ Ղարաբաղը փրկելու, Արցախը դա ստանա ու վերջ, բայց մարդու կյանքը, վարքը, պարտքը, բարեկեցությունը չի փոխվել»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին սպառնացել էր վերահսկողության տակ վերցնել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը։ Նա նշել էր, որ ընկերությունը պետականացնելու գործընթացն արդեն սկսվել է, որից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է գործարանում խախտումների մասին։ Վարչապետի դիտողություններին ի պատասխան՝ Ծառուկյանը հայտարարել է, որ իշխանությունները միայն հիմա՝ կառավարությանը քննադատելու ֆոնին են հիշել գործարանի մասին, որը նա ձեռք էր բերել գրեթե 20 տարի առաջ։ Նա ասել է, որ իրեն զգուշացրել են իր սեփականությանն սպառնացող ռիսկերի մասին, բայց ընդգծել է, որ մտադրություն չունի փոխելու իր դիրքորոշումը։

Դատախազությունը 2026 թվականի ապրիլի հայտնել էր, որ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից (ԲՀԿ առաջնորդի դուստրից) բռնագանձված գույքի նկատմամբ, որոնց թվում են Առինջ գյուղի առանձնատան շուրջ 90%-ը, Ծաղկաձոր համայնքի հողամասը և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսերը։

Leave a Comment