Թուրքիայի ոստիկանությունը գրոհով վերցրել է Անկարայում գտնվող գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կենտրոնական գրասենյակը՝ կուսակցության պաշտոնանկ արված ղեկավարությանը շենքից վտարելու մասին որոշումը կատարելու նպատակով, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Կայքի տվյալներով՝ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ և շենք ներխուժել ինքնաշեն բարիկադների վրայով։ Ներսում գտնվող մարդիկ գոռացել են և տարբեր իրեր նետել մուտքի ուղղությամբ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ինչպես գրում է Haberturk-ը, ոստիկանությունը շենք է մտել ավտոկայանատեղիի մուտքով՝ նախապես կոտրելով շղթաներն ու երկաթյա դարպասները։ Դրանից հետո ուժայինները բարձրացել են 12-րդ հարկ, որտեղ գտնվում է կուսակցության նախագահի աշխատասենյակը։ Այնտեղ ԺՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելին են հանձնել կենտրոնական գրասենյակից վտարելու մասին դատական կատարածուների ծանուցումը։
ՌԲԿ-ի տվյալներով՝ Օզելը պատռել է փաստաթուղթը՝ ասելով. «Հանուն սրա՞ քանդեցին հայրական տունը»։
Կատարվողն այդ քաղաքական գործիչն անվանել է հարձակում կուսակցության վրա։
Ոստիկանական գործողությունից հետո նա դուրս է եկել շենքից և հայտարարել, որ ԺՀԿ-ն շարունակելու է պայքարը «փողոցներում» և «հրապարակներում»։ Այնուհետև նա գլխավորել է կողմնակիցների երթը դեպի Թուրքիայի խորհրդարանի շենք, որը գտնվում է կուսակցության գրասենյակից մոտ 6 կմ հեռավորության վրա։
Խորհրդարանի դիմաց, Reuters-ի տվյալներով, հազարավոր մարդիկ են հավաքվել։
Անկարայի վերաքննիչ դատարանն ավելի վաղ՝ այս շաբաթ, չեղարկել էր ԺՀԿ 2023 թվականի համագումարի արդյունքները, որտեղ Օզելն ընտրվել էր առաջնորդ։ Դատարանի որոշումը վերադարձնում է ԺՀԿ նախկին ղեկավարությունը՝ 2023 թվականի նախագահական ընտրություններում պարտված Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ, և փաստացի անվավեր է ճանաչում այդ համագումարից հետո կուսակցության ընդունած որոշումները։
ԺՀԿ-ն Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական մրցակիցը։ Reuters-ը համագումարի արդյունքների չեղարկումը կապում է ԺՀԿ անդամների դեմ իրականացվող կոռուպցիոն հետաքննությունների հետ, որոնք կուսակցությունում համարում են քաղաքականապես մոտիվացված։ Օզելը գլխավորել է ԺՀԿ-ն 2023 թվականի մարտին, իսկ 2025 թվականի սեպտեմբերին վերընտրվել էր դատական կարգով պաշտոնանկ արվելու սպառնալիքի ֆոնին։
Օզելին համարում են Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցը, ով ձերբակալվել էր 2025 թվականին։ Նրան մեղադրում են կոռուպցիայի, 2019 թվականի քաղաքապետի ընտրություններում քաղաքական լրտեսության, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապերի մեջ։ Մեղադրանքի վարկածով՝ Իմամօղլուն և ևս 11 հոգի կաշառել են ԺՀԿ 2023 թվականի համագումարի պատվիրակներին՝ Օզելի ընտրությունն ապահովելու համար, հաղորդում էր Bloomberg-ը։
Թուրքիայում հաջորդ համապետական ընտրությունները պետք է անցկացվեն 2028 թվականին։ Reuters-ը նշում է, որ ԺՀԿ-ի շուրջ կայացված դատական որոշումը կարող է ուժեղացնել հնարավոր արտահերթ քվեարկության մասին քննարկումները, քանի որ 72-ամյա Էրդողանը բախվում է նախագահական ժամկետների սահմանափակման խնդրին։
Թուրքական իշխանությունները հերքում են քաղաքական ընդդիմադիրների դեմ դատարաններն օգտագործելու մեղադրանքները և հայտարարում դատական համակարգի անկախության մասին։
