Իրանը «չպետք է նույնիսկ մտածի», թե կարող է ունենալ միջուկային զենք․ Դոնալդ Թրամփ

Իրանը «չպետք է նույնիսկ մտածի», թե կարող է ունենալ միջուկային զենք․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի միջուկային ծրագիրը կարգավորող նախկին համաձայնությունը որակել է որպես «մեր երկրի կողմից երբևէ կնքված ամենավատ գործարքներից մեկը»՝ հիշեցնելով, որ այն նախաձեռնվել և ստորագրվել էր Բարաք Օբամայի վարչակազմի կողմից։ Թրամփի գնահատմամբ՝ այդ փաստաթուղթը Իրանի համար ուղիղ ճանապարհ էր դեպի միջուկային զենքի ստեղծում։

Թրամփը ընդգծել է, որ իր վարչակազմի կողմից Իրանի հետ ընթացող ներկայիս բանակցությունները բնույթով ամբողջովին այլ են և ուղղված են այն բանին, որ Թեհրանը չկարողանա մշակել կամ ձեռք բերել միջուկային զենք կամ ռումբ։ Նա շեշտել է, որ Իրանը «չպետք է նույնիսկ մտածի», թե կարող է ունենալ միջուկային զենք կամ ռումբ՝ ընդգծելով, որ նման հնարավորությունը բացառված է ամերիկյան նոր պայմանավորվածությունների տրամաբանության մեջ։

Նրա խոսքով՝ բանակցությունները ընթանում են «կազմակերպված և կառուցողական» ընթացքով, և նա իր թիմին հորդորել է չշտապել համաձայնագրի կնքման հարցում՝ պնդելով, որ «ժամանակը ԱՄՆ կողմն է»։ Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ կիրառվող շրջափակումը կմնա լիարժեք ուժի մեջ մինչև այն պահը, երբ կնքվի, հաստատվի և ստորագրվի նոր համաձայնագիր՝ հավելելով, որ երկու կողմերն էլ պետք է ժամանակ վերցնեն, որպեսզի ամեն ինչ անթերի լինի և սխալի տեղ չմնա։

ԱՄՆ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքի այն երկրների ղեկավարներին, որոնք աջակցում են ամերիկյան քաղաքականությանը և համագործակցում են Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում։ Թրամփը չի բացառել, որ ապագայում այդ գործընթացներին կարող է միանալ նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, եթե, ինչպես ինքն է ձևակերպել, «ցանկանա միանալ» ձևավորվող նոր համագործակցային ձևաչափին։

Leave a Comment