
Մի շարք երկրներ դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը, այդ թվում՝ «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով։
«Ֆրանսիան դատապարտում է այս հարձակումը, ինչպես նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի կիրառումը», – X-ում գրել է նախագահ Մակրոնը՝ շեշտելով, որ «Օրեշնիկ»-ի օգտագործումը վկայում է ինչպես էսկալացիայի նոր տեսակի, այնպես էլ՝ ռուսական ագրեսիայի փակուղային վիճակի մասին։
Նա վերահաստատել է Փարիզի աջակցությունն Ուկրաինային։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է՝ Ռուսաստանը «մարտի դաշտում մտել է փակուղի, ուստի ահաբեկում է Ուկրաինային՝ միտումնավոր հարվածներ հասցնելով քաղաքների կենտրոններին»։
«Սրանք ահաբեկչական սահմռկեցուցիչ գործողություններ են, որոնց նպատակն է հնարավորինս շատ խաղաղ բնակիչներ սպանել», – X-ի գրառմամբ ընդգծել է Կալլասը։
Նա տեղեկացրել է, որ գալիք շաբաթ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ ճնշումը սաստկացնելու միջոցները։
Դատապարտող գրառում է կատարել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը։
Ռուսաստանի գիշերային գործողությունները դիվանագետը «շոկային» է որակել, իսկ «Օրեշնիկ»-ի կիրառումը՝ «հերթական էսկալացիա»։
Ռուսական հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում են տեղական պաշտոնյաները։
Նախօրեին հաղորդվեց, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքի քոլեջի վրա ուկրաինական օդուժի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանի վրա հինգշաբթիից ուրբաթ գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումը և հրամայել բանակին պատրաստվել պատասխան գործողությունների։
Կիևը հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորելու մեղադրանքը: