Iravaban.net–ը ներկայացնում է, թե ովքեր ունեն տարիքային, արտոնյալ պայմաններով, սահմանված ժամկետից շուտ և մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք՝ ըստ աշխատանքային ստաժի, տարիքի և աշխատանքային պայմանների։ Այս մասին տեղեկացնում է ԱՍՀՆ-ն։
Ովքե՞ր ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Թիվ 1 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:
Թիվ 1 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Թիվ 2 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:
Թիվ 2 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Թիվ 3 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:
Թիվ 3 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Թիվ 4 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:
Թիվ 4 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ (62 տարին լրանալու դեպքում) տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:
Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.
2) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: