Թանկյանը հերքել է Փաշինյանի հայտարարությունը՝ հուլիսին Երևանում SOAD-ի համերգի մասին

Ամերիկահայ System of a Down (SOAD) ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտնել է Երևանում խմբի համերգի հետաձգման մասին։ Այս մասին երաժիշտը գրել է Instagram-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե SOAD-ը հուլիսին ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում։

Թանկյանը հաստատել է, որ համերգն իսկապես պլանավորված էր, սակայն ելույթի անցկացումը որոշվել է հետաձգել մի քանի պատճառներով։

«SOAD-ը Երևանո՞ւմ։ Մենք իսկապես պատրաստվում էինք այս տարվա հուլիսին ելույթ ունենալ Երևանում, սակայն լոգիստիկ բարդությունների և ժամանակի սղության պատճառով որոշեցինք հետաձգել համերգը։ Մենք կհայտարարենք դրա մասին, երբ հստակեցվի նոր ամսաթիվը»,- գրել է երաժիշտը։

Ավելի ուշ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ համաձայնեցնելու են անցկացման ժամկետները։ Իսկ ելույթի նոր ամսաթիվը, նրա խոսքով, իշխանությունները կհամաձայնեցնեն խմբի հետ՝ կազմակերպչական և ժամանակային հարցերը լուծելուց հետո։

Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետը, պատասխանելով երեխայի հարցին, հայտարարել էր, որ SOAD-ը հուլիսին հանդես կգա Հանրապետության հրապարակում։

Leave a Comment