Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի քաղաքապետարանի կողմից Արտաշիսյան փողոցի ավտոտնակի ապամոնտաժման գործողությունները

ՀՀ վարչական դատարանում 2025 թվականի հունվարի 21-ին առձեռն ստացվել է Ավետիս Վաչագանի Ավետիսյանի հայցադիմումը Երևանի քաղաքապետարանի դեմ՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, որոնց արդյունքում խախտվել են հայցվորի լսված լինելու իրավունքը և սեփականության իրավունքը Երևան, Արտաշիսյան փողոց 45/21 շենքի թիվ 3 ավտոտնակի նկատմամբ։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մերի Համբարձումյանին։ Այս մասին Iravaban.netը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։ Հայցվորին դատարանում ներկայացնում է «Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը։

Հայցադիմումով Ավետիս Ավետիսյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի գործողությունները կրել են ոչ իրավաչափ բնույթ, որի արդյունքում խախտվել է հայցվորի սեփականության իրավունքն ավտոտնակի նկատմամբ։ Վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրությունը, ՀՀ Սահմանադրության 50-րդ, 60-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը՝ հայցվորը հայտնել է, որ հայցվորի հետ կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու և ավտոտնակն ապամոնտաժելու վերաբերյալ, ըստ էության, որոշումն ընդունելուց առաջ լսումներ չեն իրականացվել, որի արդյունքում խախտվել է հայցվորի լսված լինելու իրավունքը։

Պատասխանողի ներկայացուցիչը 2026 թվականի ապրիլի 9-ին դատարան ներկայացրած առարկությունով վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 208-րդ, 624-րդ հոդվածները և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը՝ հայտնել է, որ վարձակալության պայմանագրի լուծումը հանգեցրել է վեճի առարկա հողամասի նկատմամբ Ավետիս Ավետիսյանի օգտագործման իրավունքի դադարեցմանը։ Հայտնել է, որ դեռևս 1990 թվականի մարտի 12-ին վարձակալության պայմանագիր կնքելով և դրանից ծագող իրավունքը պետական գրանցման ենթարկելով՝ Ավետիս Ավետիսյանն իր համաձայնությունն է հայտնել իր սեփականության իրավունքի հնարավոր դադարեցման վերաբերյալ։ Պատասխանողը խնդրել է հայցը մերժել։

2026 թվականի ապրիլի 30-ին դատավոր Մերի Համբարձումյանը վճիռ է կայացրել հայցը բավարարել՝ ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի ավտոտնակի ապամոնտաժման հետ կապված գործողությունները։

Դատարանն արձանագրել է, որ գործի փաստերի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն 2012 թվականի փետրվարի 1-ին Ավետիս Ավետիսյանի սեփականության իրավունքը գրանցվել է։ Հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 2024 թվականի դեկտեմբերի 3-ին քանդվել, ապամոնտաժվել է պատասխանողի կողմից։

Դատարանը գտել է, որ սույն վարչական գործի քննությամբ ձեռք չեն բերվել տեղեկություններ վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ 2012 թվականի փետրվարի 1-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչված լինելու վերաբերյալ։ Ավելին, պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ Ավետիս Ավետիսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ուժը կորցրած ճանաչված լինելու, իրավունքի դադարման պետական գրանցում կատարված լինելու վերաբերյալ։

Դատարանը եզրակացրել է, որ պատասխանողի կողմից ոչ իրավաչափ կերպով քանդվել, ապամոնտաժվել է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը։ Նույն վճռով Երևանի քաղաքապետարանից հօգուտ Ավետիս Ավետիսյանի բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում։

Եթե քաղաքացիները նմանատիպ խնդիրներ և իրավաբանական խորհրդատվության կարիք ունեն,  ապա կարող են դիմել «Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ընկերությանը։






Կարդացեք նաև՝


Leave a Comment