Անկած կենդանիները այլևս չեն կարող թաղվել ցանկացած վայրում․ նոր պահանջներ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կենդանիների անասնագերեզմանոցները հանդիսանում են սպանդի ոչ ենթակա կամ չախտորոշված հիվանդությամբ հիվանդ կամ համաճարակի հետևանքով անկած կամ հոգեվարքի վիճակում գտնվող կենդանիների կամ սպառման համար չնախատեսված կամ ոչնչացման ենթակա կենդանական ծագման կողմնակի արտադրանքի համար երկարատև թաղման համար նախատեսված, հատուկ գետնահորերով (խրամներով) կամ կենսաջերմային հորերով (Բեկարի հորերով) հագեցած ցանկապատված հողատարածք։ Անասնագերեզմանոցների տեղակայման վայրը քարտեզագրվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, որի վերաբերյալ ծանուցվում է անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնին՝ նշելով տեղակայման վայրը։

Անկած կենդանիների դիակների, վիժած կամ մահացած ծնված պտուղների (կենսաբանական թափոնների) ոչնչացումը հողի մեջ թաղման միջոցով՝ խստիվ արգելվում է։

Հարկ է նշել, որ հանրապետությունում մինչ այժմ գյուղատնտեսական կենդանիների անասնագերեզմանոցների գործունեությունը կանոնակարգված չէ, քանի որ բացակայում է համապատասխան կարգավորող իրավական ակտը։

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որի իրավական դրույթների կարգավորման շրջանակներում կենդանիների անասնագերեզմանոցներում կիրականացվի անկած կենդանիների ոչնչացում՝ անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու նպատակով։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս, կենդանիների անասնագերեզմանոցների գործունեության վերաբերյալ իրավական ակտերի բացակայության պատճառով հնարավոր չէ վերահսկել անկած կենդանիների դիակների ոչնչացման գործընթացը։

Անասնագերեզմանոցների սակավության պատճառով, գյուղացիները անկած կենդանիներին կարող են թաղել որևէ արգելված հողատարածքում, որը կարող է գտնվել վարելահողերում, արոտավայրերում կամ ջրային տարածքներից սահմանված նորմերից պակաս հեռավորության վրա։ Վարակիչ հիվանդություններից անկած կենդանիների դիակները անասնաբուժական կանոններով չոչնչացնելու հետևանքով վարակիչ հիվանդությունների տարածման և համաճարակների բռնկման մեծ վտանգ է առաջանում։

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Համաձայն «ՀՀ կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը։

Կենսաբանական թափոնները անասնագերեզմանոցներում ոչնչացնելու շնորհիվ կկանխարգելվի վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածումը և համաճարակների բռնկումը։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում էական եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 Ակնկալվող արդյունքը

Հարկ է նշել, որ կենդանիների դիակները համարվում են վտանգավոր՝ կենսաբանական ծագման թափոններ։ Որպես ընդհանուր կանոն, արգելվում է վարակիչ հիվանդություններից անկած կենդանիների դիակները թաղել վարելահողերում, արոտավայրերում կամ այլ թաղման համար չնախատեսված վայրերում։

Վտանգավոր թափոնների թաղման համար նախատեսված վայրերը՝ անասնագերեզմանոցները, պետք է ունենան առնվազն մեկ կենսաջերմային հոր։

Միաժամանակ, սույն նախագծի 20-րդ կետի համաձայն, բացառիկ դեպքերում, բնական աղետից կենդանիների զանգվածային մահվան և դրանք տեղափոխելու, այրելու կամ ոչնչացնելու անհնարինության դեպքում, թույլատրվում է դիակները թաղել հողի մեջ՝ միայն Հայաստանի Հանրապետության անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի որոշմամբ։

Սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության մարզերում կկառուցվեն անասնագերեզմանոցներ, ինչպես նաև կստեղծվի կենդանիների դիակների ոչնչացման կամ թաղման գործընթացի պատշաճ կազմակերպման հնարավորություն, որի արդյունքում հանրապետությունում կապահովվի կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակ։

Leave a Comment