«Լոգիստիկայի զարգացումը Հայաստանում»․ ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները մեկ հարթակում

Մայիսի 23-ին կայացավ  «Լոգիստիկայի զարգացումը Հայաստանում» միջոցառումը որը կազմակերպվել էր ՀՀ Լոգիստիկայի ասոցիացիայի և eLogi fest-ի կողմից։ Միջոցառումը համախմբել էր ոլորտի ներկայացուցիչների, պետական և մասնավոր հատվածների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու լոգիստիկ ոլորտի արդիական մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։

Օրվա մեկնարկին մասնակիցներին ներկայացվեցին ոլորտում ընթացող գործընթացներն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Քննարկումների առանցքում էին հատկապես մաքսային ընթացակարգերի բարեփոխումները, միջազգային շուկաների հետ ինտեգրման հնարավորությունները և թվային լուծումների կիրառման հեռանկարները։

Միջոցառման պանելային քննարկման ընթացքում բանախոսները կարևորեցին ժամանակակից ենթակառուցվածքների ներդրումը՝ որպես տարածաշրջանային մրցունակության բարձրացման նախապայման։ Նշվեց, որ ոլորտի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկական արդիականացում, այլև պետական ու մասնավոր հատվածների համակարգված համագործակցություն։

 Մասնակիցները ներկայացրին նաև միջազգային գործընկերության զարգացման փորձը, արտահանման և ներմուծման գործընթացներում առկա խոչընդոտները, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Պանելային քննարկումների շարքը շարունակվեց Տրանսպորտային լոգիստիկայի զարգացման առաջնահերթությունների մասին խոսելով։ Բանախոսները անդրադարձան Հայաստանի աշխարհագրական դիրքի առավելություններին, տարածաշրջանային կապուղիների զարգացման անհրաժեշտությանը և երկրի՝ որպես տարանցիկ հարթակի ներուժին։

Օրը նշանավորվեց նաև Հայաստանի Լոգիստիկ ասոցիացիայի և e-Logi Fest-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությամբ, ինչպես նաև ասոցիացիայի անդամների և GIZ-ի հետ համատեղ ասոցիացիայի զարգացման ծրագրի մեկնարկով։

Լոգիստիկայի ոլորտով հետաքրքրվող անձինք այս տարի ևս հնարավորություն կունենան eLogi Fest 2026-ի ընթացքում գտնել ներմուծման, արտահանման, արտարության և վաճառքի հետ առնչվող խնդիրների լուծումներ։

Ֆորումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ լոգիստիկ ոլորտի զարգացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական առաջընթացի, միջազգային համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային մրցունակության բարձրացման համար։

Leave a Comment