ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Առաջարկվող առաջին փոփոխությունը վերաբերում է «մշակութային կազմակերպություն» և «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունների տարանջատմանը։ Մշակութային գործունեությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունները կդիտարկվեն որպես մշակութային կազմակերպություններ, իսկ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունները կկազմեն դրանց առանձին խումբ՝ հատկապես շեշտադրելով հիմնադրի իրավական կարգավիճակը։
Առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների պաշտոնների անվանացանկին, օրինակելի նկարագրերին, ստեղծագործական աշխատողների կարգավիճակին, նրանց ներկայացվող պահանջներին, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության գնահատմանը և ատեստավորման գործընթացներին։ Առաջարկվում է, որպեսզի ատեստավորման ձևերն ու բովանդակությունը լինեն առավել թիրախային և համապատասխանեն տվյալ ոլորտի առանձնահատկություններին:
Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է մշակութային կազմակերպությունների և միջոցառումների ֆինանսավորման փորձնական մոդելների ներդրմանը։