ԵՄ-ին անդամակցելու դեպքում գազի գինն ու մաքսատուրքերը ՀՀ-ի համար կփոխվեն. Օվերչուկ

Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նրանք պետք է պարզապես հասկանան, թե ուր են իրենց տանում։ Դրա համար էլ, եթե նրանք նման որոշում կայացնեն, հանգիստ կխոսենք նրանց հետ։ Հասկանալի է, որ կառաջանան մաքսատուրքեր, կփոխվեն գազի, նաև էներգիայի գները։ Դե, ինչ-որ օգուտներ նրանք կկորցնեն։ Գուցե այնտեղ նրանց ինչ-որ բան տան, գուցե չտան»,- «Վեստի» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում նշել է Օվերչուկը։

Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ Մոսկվան կողմ է, որպեսզի Հայաստանը մնա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, որտեղ վերջին տարիներին զարգացման բարձր տեմպեր է գրանցել։

«Հայաստանին ոչ ոք դուրս չի մղում ԵԱՏՄ-ից, պարզապես իրենք են ասել, որ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։ Պարզապես նրանք պետք է կողմնորոշվեն, և որքան շուտ դա արվի, որքան շուտ լինի այդ հստակությունը, այնքան լավ բոլորի համար»,- լրագրողներին հայտնել է նա։

Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանի ղեկավարները հայտարարում են, որ «այժմ» չեն պլանավորում դուրս գալ կառույցից, սակայն այդ հայտարարություններում «այժմ» բառն առանցքային է։ Օվերչուկը շեշտել է, որ Հայաստանին ոչ ոք չի փորձում դուրս մղել ԵԱՏՄ-ից, սակայն Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի իր ընտրության հարցում:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Երևանին խոստացված 2 միլիարդ դոլարի աջակցությանը՝ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան այդ մասին միայն լսում է, սակայն իրականում դեռ ոչինչ չի փոխանցվել։ Նա հավելել է, որ՝ ի պատասխան Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին օրենքի ընդունման, ռուսական կողմի մոտ հարցեր են առաջանում, և ճիշտ կլիներ, որ Երևանն այս հարցով հանրաքվե անցկացներ ու հստակեցներ իր դիրքորոշումը։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ չմասնակցել Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, Օվերչուկն ընդգծել է, որ դա արդեն իսկ որոշակի ազդակ է այն մասին, թե ինչպես է Հայաստանի կառավարության ղեկավարը դասավորում իր առաջնահերթությունները։ Նա հայտնել է, որ գագաթնաժողովի ընթացքում ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու պլանների վերաբերյալ հարցերը բարձրացվելու և քննարկվելու են։

«Ակնհայտ է, որ այդ հարցերը (ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցմամբ Եվրամիությանը միանալու պլանների մասին) բարձրացվելու են, քննարկվելու են։ Ինչ ձևաչափով Փաշինյանը ներկա կլինի գագաթնաժողովին… Եթե նա հայտնվի էկրանին, ավելի լավ կլինի, քան եթե ընդհանրապես չլինի»,- եզրափակել է ռուսաստանցի փոխվարչապետը։

Leave a Comment