«Արցախը կրկին մերը կլինի»․ գերմանական փոդքասթը՝ տեղահանվածների մասին – armeniatoday.am

Գերմանական կաթոլիկ DOMRADIO.DE ռադիոն և Renovabis բարեգործական կազմակերպությունը Ostblick համատեղ փոդքասթում անդրադարձել են Արցախից բռնի տեղահանվածների հարմարվողականության դժվարություններին։

Հաղորդումներից մեկը նվիրված է Հայաստանին և Արցախից բռնի տեղահանվածներին, որոնք տեղահանությունից հետո փորձում են ինտեգրվել Հայաստանում՝ ստեղծագործական ծրագրերի, այդ թվում՝ նկարչության և պարի դասընթացների միջոցով։ Հատվածներից մեկում Արցախից տեղահանվածը պատմում է հակամարտության սրացումից հետո սկսված արտագաղթի մասին։

Փոդքասթում Արցախից բռնի տեղահանված 16-ամյա Տատյանան պատմում է, թե ինչպես իր ընտանիքը պատերազմի սկսվելուց վեց օր անց ստիպված է եղել շտապ լքել տունը։ Նրա խոսքով՝ ճանապարհին իրենք հայտնվել են բազմակիլոմետրանոց խցանումներում, որտեղ մարդիկ գիշերել են մեքենաներում, իսկ տարեցներն ու հիվանդները չեն դիմացել ծանր պայմաններին։ Ավելի ուշ ընտանիքն իմացել է, որ ոմանք չեն հաղթահարել այդ ճանապարհը։

«Պատերազմի սկսվելուց վեց օր անց հավաքեցինք իրերն ու դուրս եկանք… Ճանապարհին լսեցինք, որ Արցախում ուժեղ պայթյուն է եղել։ Ես դա մինչ օրս հիշում եմ»,- հիշում է Տատյանան։

Նա ընդգծում է, որ հայրենի շրջանում մարդիկ շատ համախմբված էին ապրում․ «մենք միասին էինք՝ մեկը բոլորի, բոլորը մեկի համար»։

Նրա խոսքով՝ տների դռները հաճախ չէին կողպվում, իսկ համայնքային միասնականության զգացումն առանձնահատուկ ուժեղ էր։

Այժմ Տատյանան ապրում է Երևանում և սովորում է հաշվապահություն, սակայն նոր կյանքին հարմարվելը, նրա խոսքով, հեշտ չէր։ Չնայած անցած դժվարություններին՝ նա նշում է, որ շարունակում է ուժեղ կապվածություն զգալ հայրենիքի հանդեպ և հույս ունի վերադառնալ։

«Արցախը մի օր կրկին մերը կլինի։ Մենք չպետք է դա մոռանանք»,- հայտարարել է Արցախից բռնի տեղահանված աղջիկը։

Renovabis կազմակերպության համագործակցության և հաղորդակցության բաժնի ղեկավար Մաթիաս Դյորի խոսքով՝ ռադիոկայանի և բարեգործական կազմակերպության համագործակցությունը հնարավորություն է տալիս պատմել ստերեոտիպերից դուրս, մարդկանց կյանքին մոտ պատմություններ այն մարդկանց մասին, որոնք ամեն օր օգնում են իրենց համայնքներին և շրջապատին։

Ostblick փոդքասթը հրապարակվում է շաբաթական՝ ապրիլի 8-ից սկսած, DOMRADIO.DE հարթակում և այլ փոդքասթային հարթակներում։ Բացի այդ, թողարկումները շաբաթ օրերին՝ ժամը 19:00-ին, հեռարձակվում են նաև DOMRADIO-ի եթերում։

Renovabis-ը Գերմանիայի վեց կաթոլիկ միջազգային բարեգործական կազմակերպություններից ամենաերիտասարդն է։ Այն հիմնադրվել է 1993 թվականի մարտին՝ Գերմանիայի կաթոլիկների կենտրոնական կոմիտեի և գերմանացի եպիսկոպոսների նախաձեռնությամբ։ Կազմակերպությունն ամեն տարի անցկացնում է համազգային արշավ, որն ավարտվում է Գերմանիայի կաթոլիկ եկեղեցիներում Հոգեգալստյան տոնի օրը կազմակերպվող հանգանակությամբ։

Азербайджан с 2020 по 2023 год взял под свой контроль армянские территории Арцаха. В сентябре 2023 года, после десятимесячной блокады, армянское население Нагорного Карабаха было вынуждено покинуть свою родину.

Ադրբեջանը 2020-2023 թվականներին օկուպացրել է Արցախի հայկական տարածքները։ 2023 թվականի սեպտեմբերին՝ տասնամսյա շրջափակումից հետո, Արցախի բնակչությունը ստիպված եղավ լքել իր հայրենիքը։

Կարդացեք նաև՝

«Վայրագ են», «հեշտ զիջում ենք», «նոր չէ»․ հարցում՝ Արցախի վտանգված մշակույթի մասին

Leave a Comment