Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովը Եվրոպական խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման կենտրոնի (ECPRD) հետ համատեղ մայիսի 21-22-ին անցկացրել է «Արհեստական բանականության ինստիտուցիոնալ ինտեգրումը եւ կառավարումը խորհրդարանական հիմնական գործընթացներում» թեմայով սեմինարը:

Սեմինարի քննարկումների առանցքում եղել են խորհրդարաններում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ու մարտահրավերները:

Քննարկմանը մասնակցել են պատվիրակներ մի շարք երկրների խորհրդարաններից, ներկայացուցիչներ միջազգային ու տեղական կազմակերպություններից, նաեւ՝ ԱԺ աշխատակազմից:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը բացման խոսքում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի անունից ողջունել է ներկաներին եւ կարեւորել նման սեմինարի կազմակերպումը տարածվող կեղծ լուրերի ու տեղեկատվական հոսքերի այս ժամանակաշրջանում:

Խոսելով արհեստական բանականության (ԱԲ) ընձեռած հնարավորությունների եւ մարտահրավերների մասին՝ Հեղինե Խաչիկյանն ընդգծել է, որ այն պետական մարմինների համար այլեւս  հեռավոր հայեցակարգ չէ, այն ազդում է կառավարությունների, խորհրդարանների եւ հասարակության գործունեության վրա: «Նոր փուլ ենք մտնում, որտեղ տեխնոլոգիական նորարարությունները, հատկապես ԱԲ-ն, սկսում են ազդել օրենսդրական աշխատանքի, հասարակության հետ հաղորդակցվելու եւ որոշումների կայացման վրա: Այս վերափոխումը հսկայական հնարավորություններ է ստեղծում, դրան զուգահեռ նաեւ՝ անվտանգային խնդիրներ, մարտահրավերներ ու պատասխանատվություն»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու խոսել մարտահրավերներին դիմակայելու եւ նորարարություններն արագ յուրացնելու՝ մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկության մասին: Այս համատեքստում նա ընդգծել է ոչ միայն ԱԲ-ի, այլեւ նոր գաղափարների զարգացման կարեւորությունը փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Այս համատեքստում Հեղինե Խաչիկյանն անդրադարձել է խորհրդարանի աշխատակազմի կողմից արհեստական բանականության հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը:

Նշելով, որ ԱԲ-ի ինստիտուցիոնալացման տեսանկյունից խորհրդարանը դեռ վաղ փուլերում է՝ Հեղինե Խաչիկյանը հենց այդ առումով կարեւորել է միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումները:

ECPRD-ի «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները խորհրդարաններում» ոլորտի համակարգող, ռազմավարության եւ նորարարության բաժնի ղեկավար Ֆրոդե Ռեյնը ողջույնի խոսքում եւս անդրադարձել է խորհրդարանական գործընթացներում ԱԲ-ի ինստիտուցիոնալ ինտեգրման եւ կառավարման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին: Նշվել է, որ այս թեմային անդրադարձ է եղել նաեւ Իսլանդիայում եւ Բրյուսելում կազմակերպված քննարկումների շրջանակում:

Այնուհետեւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչը մանրամասնել է իրենց կազմակերպության գործունեությունը, Հայաստանի թվային վերափոխման խթանման ուղիները, թվային լուծումների ներդրմամբ քաղաքացու կենսագործունեությունն ապահովող ծառայությունների հարմարավետությանը եւ հասանելիությանը, հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը:

ՀՀ Ազգային ժողովը ECPRD-ի կողմից հարցում է անցկացրել սեմինարի թեմայի շրջանակում: Հարցման արդյունքները շնորհանդեսի ձեւաչափով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության հետազոտական ու տեղեկատվական բաժնի ղեկավար, ՀՀ-ում ECPRD-ի թղթակից-անդամ Արուսյակ Քանանյանն ու խոսել մի շարք երկրների օրինաստեղծ աշխատանքում ԱԲ գործիքների կիրառման մեթոդների ու ձեւերի մասին:

Քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների փորձը, անդրադարձել ԱԲ-ի գործիքների կիրառման դրական ու բացասական կողմերին, օրենսդրական գործունեության մեջ ԱԲ-ի մեթոդների ներդաշնակ կիրառման հնարավորություններին ու մարտահրավերներին:

Համաժողովի երկրորդ օրը ելույթներով հանդես են եկել Նորվեգիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ալբանիայի ներկայացուցիչները: Նրանք խոսել են արհեստական բանականության կիրառության խոչընդոտների, խորհրդարանական գործընթացներում դրա կիրառության, իրավական խնդիրների մասին:

Երկօրյա սեմինարի կազմակերպումը համաֆինանսավորվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) «FORSETI» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կանադայի, Շվեդիայի կառավարությունների եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Leave a Comment