ՀԿԿ․ «Ուժեղ Հայաստանի» համակիրն Անիում 70,000-200,000 դրամ ընտրակաշառք է տվել

ՀԿԿ․ «Ուժեղ Հայաստանի» համակիրն Անիում 70,000-200,000 դրամ ընտրակաշառք է տվել

22 մայիսի 2026 – 16:08 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ստացվել, ըստ որոնց՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը նույն քաղաքական ուժի Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններում իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների փոխանցել է 70 հազարից մինչև 200 հազար դրամ ընտրակաշառք։

Ըստ իրավապահների՝ խմբի անդամները փորձել են իրենց գործողություններին օրինական տեսք հաղորդել՝ ընտրակաշառք ստացող անձանց ձևակերպելով որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ։ Նշվել է, որ վճարումները կատարվել են ոչ թե իրական աշխատանքի դիմաց, այլ նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման համար։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։

Կոմիտեն քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ ընտրակաշառք տալու և նման գործողությունները տարբեր ձևական մեխանիզմներով քողարկելու գործելակերպից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման դեպք ստանալու է խիստ իրավական գնահատական։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։

Leave a Comment